Քաղաքականություն
12.11.2026 | 14:30
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ Եղեգնաձորի համայնքապետի ընտրության հարցում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չի գնացել և կոալիցիա չի կազմել։
Կուսակցության քաղաքական խորհուրդը շնորհավորել է Եղեգնաձորի համայնքապետ ընտրված Դավիթ Հարությունյանին և «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամներին՝ շնորհակալություն հայտնելով իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին, կուսակցության անդամներին ու համակիրներին։
«Կարևոր ենք համարում ընդգծել, որ մենք որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել։ Անտրամաբանական կլիներ, և մենք չէինք էլ կարող արգելել, որ երրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը քվեարկի մեր թեկնածուի օգտին։ Թե ինչո՞վ է պայմանավորված եղել նրա այդ քվեարկությունը, նա արդեն իսկ մեկնաբանել է։ Մենք լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Եղեգնաձորի նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար է ընտրվել գործող համայնքապետ, «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանը։ Նա ստացել է ավագանու 14 անդամի ձայնը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանը՝ 13 ձայն։
Հոկտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքում ՔՊ-ն և «Հանրապետությունը» ստացել էին 13-ական մանդատ, իսկ «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ մեկ։ Այսպիսով, համայնքապետի ընտրության հարցում վճռորոշ է եղել «Նոր դարաշրջանի» միակ ավագանու անդամ Մարտին Հարությունյանի ձայնը, որը տրվել է Դավիթ Հարությունյանին։
«Նոր դարաշրջան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Մարտին Հարությունյանը փաստաբան է։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմում, որն այժմ Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր ուժն է։
Համայնքապետի ընտրության արդյունքների հրապարակումից հետո Մարտին Հարությունյանը սեղմել էր Դավիթ Հարությունյանի ձեռքն ու շնորհավորել նրան։
Եվգենյա Համբարձումյան