Nvidia-ի տնօրենների խորհուրդը չորեքշաբթի նիստ է գումարել՝ քննարկելու ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին պաշտոնից հեռացնելու հարցը։ Հուանգն ընկերությունը ղեկավարում է ավելի քան երեք տասնամյակ՝ այն խաղային չիպեր արտադրող ընկերությունից վերածելով արհեստական բանականության համար նախատեսված չիպերի գերիշխող մատակարարի, գրում է DW-ն։
Այս լուրերը տարածվել են այն ժամանակ, երբ Nvidia-ն հետաքննում է՝ արդյո՞ք ընկերության համահիմնադիրը դարձել է օտարերկրյա հետախուզական ծառայության թիրախ՝ մի կնոջ հետ սիրավեպի մասին տեղեկությունների հրապարակումից հետո։ ԱՄՆ հետախուզական ծառայություններն այդ կնոջը նույնականացրել են որպես Չինաստանի հետախուզության գործակալի։ The New York Times-ը չորեքշաբթի հայտնել է, որ Հուանգը սիրավեպ է ունեցել նաև Nvidia-ի ղեկավար անձնակազմի անդամներից մեկի հետ, որն անմիջականորեն ենթարկվել է իրեն։
Հուանգի հնարավոր պաշտոնանկության լուրերի ֆոնին Nvidia-ի բաժնետոմսերի գինը բորսայական առևտրի օրվա ավարտից հետո նվազել է շուրջ 8 տոկոսով։
Bloomberg-ի լրագրողը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Nvidia-ի տնօրենների խորհուրդը դիտարկում է ժամանակավոր գլխավոր գործադիր տնօրենի նշանակման հարցը՝ մշտական փոխարինող գտնելու ընթացքում։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ Էլիզաբեթ Ուորենն ու Քրիս Քունսը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին խնդրել են պահպանել Չինաստան Nvidia-ի չիպերի արտահանման հետ կապված փաստաթղթերը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սենատորների նամակը։ Պահանջը վերաբերում է նաև Չինաստանի հետախուզության հետ կապեր ունենալու մեջ կասկածվող կնոջ հետ Հուանգի ենթադրյալ սիրավեպին առնչվող փաստաթղթերին։
Հուանգն աշխատակիցներին ուղղված գրությամբ ընդունել էր, որ դավաճանել է կնոջը։ Նա հրապարակայնորեն չի նշել այդ կնոջ անունը։ The New York Times-ը պարզել է, որ խոսքը Էլիս Հ.-ի մասին է՝ Սինգապուրում գործող Megaspeed տվյալների կենտրոնների ընկերության նախկին ղեկավարի, որը նրա հետ ազգակցական կապ չունի։ Պեկինը հերքել է լրտեսության մասին մեղադրանքը։
Երկուշաբթի Nvidia-ի բաժնետերերը հայց են ներկայացրել ընկերության և Հուանգի դեմ՝ առաջարկելով կոլեկտիվ հայցի ընթացակարգ։ Նրանք վերջիններին մեղադրել են ենթադրյալ սիրավեպերի և ընկերության համար դրանցից բխող ռիսկերի մասին տեղեկությունները թաքցնելու մեջ։
Ի՞նչ է հայտնի ենթադրյալ երկրորդ սիրավեպի մասին
The New York Times-ը Nvidia-ի ղեկավար անձնակազմի անդամին նույնականացրել է որպես Քիմբերլի Փաուել՝ ընկերության առողջապահության ուղղության փոխնախագահ։
Հարաբերությունների մասին հարցին ի պատասխան՝ Հուանգը լրատվամիջոցին ասել է՝ «Չեմ կարծում, որ դուք պետք է անմիջականորեն ինձ դիմեք», ապա ավարտել է հեռախոսազրույցը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի