Կառավարության այսօրվա նիստի օրակարգի առաջարկվող հարցերից մեկով Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ փոփոխություն է առաջարկել։
Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ օրենսգիրք) 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը նշանակված ազատազրկման պատժի ժամկետում հաշվակցելու գործող կարգավորումը կփոփոխվի՝ նախատեսելով անազատության մեջ գտնվելու մեկ օրն ազատազրկման երկու օրվա դիմաց հաշվակցելու կանոն՝ ներկայումս գործող մեկ օրը մեկ օրվա դիմաց հաշվակցելու փոխարեն։
Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության, տեսակցությունների, հեռախոսակապից օգտվելու և այլ իրավունքների իրականացման առնչությամբ, կարող են առավել խիստ լինել, քան ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։
Հիմք ընդունելով նշված հանգամանքները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները և միջազգային չափանիշները՝ առաջարկվում է վերանայել անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի հաշվակցման գործող հարաբերակցությունը՝ այն սահմանելով մեկ օրը երկու օրվա դիմաց։
Հատկանշական է, որ նախագծի հիմնավորմամբ ևս ընդգծվում է կալանավորված անձանց իրավունքների և պարտականությունների ծավալի համադրելիությունը բարձր անվտանգային գոտում կամ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների իրավական կարգավիճակի հետ։ Այս հանգամանքը լրացուցիչ ընդգծում է կալանքի տակ գտնվելու և ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար նշանակված ազատազրկման պատիժը կրելու պայմանների տարբերությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ առաջարկում ենք նախագծով առաջարկվող կարգավորման փոխարեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվելու դեպքում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, տվյալ քրեական վարույթի կամ գործի ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման ձևով նշանակված պատժին` 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է նաև հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս, եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ կամ միջին ծանրության կամ միջին և ոչ մեծ ծանրության հանցանքներ:
3.3. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կանոնը չի կիրառվում, եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանք:»:
Այսպիսով, առաջարկվող լուծումը հնարավորություն կտա հավասարակշռելու կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածի հաշվակցման առավել բարենպաստ պայմանների սահմանման անհրաժեշտությունը և պատժի նպատակների արդյունավետ իրացման պահանջը՝ ապահովելով առավել համաչափ օրենսդրական կարգավորում։