ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստում կքննարկվի հարց, որով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարել՝ երկու նախարարությունների արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից ավելի քան 4.7 մլն դրամ հատկացնելով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայությանը։
Iravaban.net–ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման համաձայն՝ վերաբաշխման անհրաժեշտությունն առաջացել է վարչապետի՝ ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցերի ընթացքում երկու նախարարությունների ներկայացուցիչների կեցության ծախսերը պետական արարողակարգի ծառայության միջոցներով վճարելու հետևանքով։
Մասնավորապես, վարչապետի՝ 2026 թվականի սեպտեմբերի 20-26-ը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում պատվիրակության կազմում ընդգրկված շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի կեցության ծախսերը նախապես վճարվել են արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցներից։
«Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում նախարարի կեցության համար նախատեսված սենյակի ամրագրման արժեքը կազմել է 12,499.48 ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 543 հազար 65 դրամ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ գումարը ենթակա է փոխհատուցման շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Մեկ այլ դեպքում՝ վարչապետի՝ սեպտեմբերի 9-10-ը Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում պատվիրակության կազմում ընդգրկված է եղել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալը։ Նրա հյուրանոցային ծախսերի համար Հայաստանի դեսպանության միջոցներից վճարվել է 570.95 եվրոյին համարժեք 240 հազար 700 դրամ։ Հետագայում պետական արարողակարգի ծառայությունն այդ գումարը փոխանցել է դեսպանության համապատասխան հաշվեհամարին։
Նախագծով առաջարկվում է շրջակա միջավայրի նախարարության արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից 4 մլն 543 հազար 100 դրամ, իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության համապատասխան միջոցներից՝ 240 հազար 700 դրամ նվազեցնել և այդ գումարները հատկացնել արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայությանը։
Այսպիսով, պետական արարողակարգի ծառայությանը կվերաբաշխվի ընդհանուր առմամբ 4 մլն 783 հազար 800 դրամ։
Նախագծի հեղինակները նշում են, որ գերատեսչությունների միջև ուղղակի փոխանցումներ կատարելու ընթացակարգի բացակայության պատճառով անհրաժեշտ է բյուջետային վերաբաշխում իրականացնել։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ընդհանուր եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում․ փոխվում է միայն միջոցների բաշխումը գերատեսչությունների միջև։ Նպատակն է համապատասխանեցնել բյուջետային հատկացումները փաստացի կատարված ծախսերին։
Նախագիծը դեռևս ներկայացված է որպես առաջարկվող կարգավորում։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե ընդունվի կառավարության կողմից։