Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Քաղաքականություն

12.11.2026 | 09:47

Ինքնաթիռը, որում, ենթադրաբար, գտնվում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն ու Ջարեդ Քուշները, վայրէջք է կատարել Մոսկվայում։ Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են ավիացիոն ծառայություններից։

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Flightradar24 ծառայության տվյալներով՝ ինքնաթիռը Աբու Դաբիից մեկնել է մոտ տասը ժամ առաջ։

Մեկ այլ ինքնաթիռ, որը նախկինում բազմիցս օգտագործվել է Քուշների և Ուիթկոֆի՝ Մոսկվա թռիչքների համար, նախորդ երեկոյան մեկնել է Աբու Դաբիից և վայրէջք կատարել Դուբլինում։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի, ինչպես նաև Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների ավտոշարասյունը դուրս է եկել «Վնուկովո» օդանավակայանից և շարժվել դեպի Մոսկվայի կենտրոն։ Ավելի վաղ Դմիտրիևը ժամանել էր օդանավակայան՝ դիմավորելու նրանց։

Հիշեցնենք, որ նախօրեին Աբու Դաբիում ավարտվել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։

Ավելի վաղ Քուշները հայտնել էր, որ հինգշաբթի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու բանակցությունների արդյունքները և ներկայացնելու առաջարկներ, որոնք նախապես քննարկվել են ամերիկյան կողմի և Կիևի ու եվրոպացիների միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment