Պեկինի մոտակայքում հայտնաբերվել են երկկենցաղների քարացած ոտնահետքեր, որոնք թվագրվում են միջին յուրայի ժամանակաշրջանին (174.7–161.5 միլիոն տարի առաջ), ինչը Ասիայում նման առաջին հնագիտական գտածոն է, հայտնում է Xinhua-ն։
Նշվում է, որ քարացած հետքերը նույն սալաքարի վրա հայտնաբերված երկու ոտնահետքեր են։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հետքերը, հավանաբար, թողել է նույն կենդանին տեղաշարժման ժամանակ։ Հետքերից մեկը բավականին հստակ պահպանվել է. այն ունի 1.5 սանտիմետր երկարություն և 1.3 սանտիմետր լայնություն։
Մասնագետները նշում են, որ այս հայտնագործությունը օգնում է լրացնել Ասիայում յուրայի դարաշրջանի երկկենցաղների ուսումնասիրության բացերը: Այն նաև նոր տեղեկություններ է տրամադրում 160 միլիոն տարի առաջ Հյուսիսային Չինաստանի պալեոաշխարհագրության, պալեոէկոլոգիայի և կենսաբազմազանության վերաբերյալ հետազոտությունների համար: Նաև նշվում է, որ հետքերի վերլուծությունը ենթադրում է, որ դրանք, հավանաբար, պատկանում են սալամանդրի ենթադասին: