Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»

Քաղաքականություն

11.11.2026 | 21:54

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների մասնակիցները կարող են մինչև տարեվերջ համաձայնության գալ։ Այս մասին Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար, բանակցոություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան, փոխանցում է Meduza-ն:

«Կարծում եմ՝ այժմ մենք լավ դինամիկա ունենք մինչև Նոր տարի համաձայնության հասնելու համար»,- ասել է նա։

Բանակցություններին մասնակցած Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը շարունակում է պահանջել ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասից, խուսափողական պատասխան է տվել։

«Հարցը, որը բարձրացվում է բանակցությունների ընթացքում, բանակցությունների հարց է։ Կարևոր է միայն արդյունքը։ Երբ մենք դրան հասնենք, այդ մասին հրապարակայնորեն կհայտարարվի»,- ասել է նա։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների նոր լայնածավալ փոխանակման շուրջ։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի են ունեցել վերջին երկու օրերին՝ նոյեմբերի 10-ին և 11-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment