ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է հայտնի բարերար, մշակութային գործիչ Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին և նրան փոխանցել պետական բարձր պարգևը՝ Մովսես Խորենացու մեդալը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև նորաստեղծ գորգարվեստի թանգարանին առնչվող մի շարք հարցեր և առաջիկա հեռանկարներ:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լևոն Դեր Բեդրոսսյանին մշակութային ժառանգության պահպանման, զարգացման, ներկայացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նախարարը նշել է, որ այդ բոլոր բնորոշումները լիովին արտացոլում են Լևոն Դեր Բեդրոսսյանի կատարած բացառիկ աշխատանքը։

«Ձեր ներդրումը բարձր գնահատելու և արժևորելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների և նվիրումի համար Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է պետական բարձր պարգև։ Ձեր  գործունեությունը կարևոր է մեր երկրի անկախության և պետականության ամրապնդման ճանապարհին։ Այս պարգևը Հայաստանում Ձեր իրականացրած մեծածավալ ներդրման արժանի գնահատանքն է»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ բարերարի աջակցությամբ ստեղծված գորգարվեստի թանգարանը կփոխանցվի սերունդներին, իսկ Հայաստան այցելող օտարերկրյա հյուրերի համար կդառնա երկիրը բացահայտելու հրաշալի վայր։

Լևոն Դեր Բեդրոսսյանը երախտագիտություն է հայտնել  բարձր գնահատականի համար և ընդգծել, որ այս առիթն իրեն հնարավորություն է տվել հետադարձ հայացք նետել անցած ճանապարհին, վերարժևորել, թե ինչպես սկսվեց այս գործընթացը և ինչ արդյունքի է հասել այսօր, ինչն իրեն մեծ բավարարվածություն է պատճառում։

«Համատեղ ջանքերով հնարավոր է դառնում հիմնել որակյալ մշակութային կառույցներ: Վստահ եմ, որ սա միայն սկիզբն է, և հասունացել է հավաքական ջանքերով ծաղկելու ու զարգանալու ժամանակը: Հայտնի ճշմարտություն է՝ «Մեկ ծաղկով գարուն չի գա», և այս նախաձեռնությունը պետք է շարունակվի հազարավոր նոր քայլերով»,- նշել է Լևոն Դեր Բեդրոսսյանը:

Գերատեսչությունից հիշեցնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում գորգարվեստի թանգարան հիմնելու վերաբերյալ։

Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանը Հայաստանի Հանրապետությանը կնվիրաբերի ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգարվեստի թանգարանի ստեղծման նպատակով։

Նախաձեռնությունը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ձևավորելու մշակութային նոր կենտրոն՝ նվիրված հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին: Այն կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային կարևոր հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:

Leave a comment