Հոկտեմբերին Չինաստանում մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքում էլեկտրամոբիլների և հիբրիդային մեքենաների մասնաբաժինը հասել է ռեկորդային 67.5%-ի։ Այդ մեքենաների վաճառքը, սակայն, նվազել է 13.7%-ով՝ կազմելով 1.109 մլն միավոր, մինչդեռ արտահանումն ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով ռեկորդային 582 հազարի։
Շուկայի մյուս հատվածներում անկումն ավելի զգալի է եղել։ Մարդատար ավտոմեքենաների ընդհանուր մանրածախ վաճառքը կազմել է 1.643 մլն միավոր՝ տարեկան կտրվածքով նվազելով 27.1%-ով, իսկ բենզինային և դիզելային ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 45%-ով՝ հասնելով 530 հազարի։ Տարվա առաջին տասը ամիսներին էլեկտրամոբիլների և հիբրիդային մեքենաների վաճառքը կազմել է 8.87 մլն միավոր՝ նվազելով 12.9%-ով։
Հոկտեմբերին ամբողջությամբ էլեկտրական մեքենաների վաճառքը կազմել է 770 հազար միավոր՝ 5.3%-ով պակաս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Արտաքին էլեկտրասնուցմամբ լիցքավորվող հիբրիդային մեքենաների վաճառքը նվազել է 37.2%-ով՝ հասնելով 226 հազարի։ Միևնույն ժամանակ, հաջորդական հիբրիդների վաճառքն աճել է 1%-ով՝ կազմելով 114 հազար միավոր։ Սեպտեմբերի համեմատ աճը կազմել է 31.2%, ինչին նպաստել են Xiaomi և Leapmotor ընկերությունները։
Արտահանման ցուցանիշները, հակառակը, ռեկորդային են։ Արտահանման հաշվառմամբ մեծածախ մատակարարումներն աճել են 9.8%-ով՝ հասնելով 1.772 մլն ավտոմեքենայի։ Ընդհանուր ծավալում արտահանման մասնաբաժինը կազմել է 33%, մինչդեռ մեկ տարի առաջ այն ընդամենը 15% էր։ Արտահանման առաջատարը BYD-ն է՝ 28.3% մասնաբաժնով։ Նրան հաջորդում են Chery-ն՝ 14.4%, Geely-ն՝ 13.8%, Tesla-ն՝ 10.1% և SAIC-ը՝ 7.2%։
Մանրածախ վաճառքի առաջատարը BYD-ն է՝ 250 301 վաճառված ավտոմեքենայով, ինչը կազմում է շուկայի 22.4%-ը։ Երկրորդ տեղում Geely-ն է՝ 131 708 ավտոմեքենայով, իսկ երրորդում՝ Leapmotor-ը՝ 83 573 ավտոմեքենայով։ Tesla-ն դուրս է մնացել առաջատարների տասնյակից՝ վաճառելով ընդամենը 8817 ավտոմեքենա։
Վաճառքի անկումը բացատրվում է սուբսիդիաների տրամադրման կանոնների խստացմամբ, որն առավել մեծ ազդեցություն է ունեցել ամենափոքր և մատչելի ավտոմեքենաների վրա։ Մյուս գործոնը վառելիքի բարձր գներն են, որոնց պայմաններում վարորդներն ավելի հաճախ նախընտրում են էլեկտրական շարժիչով մեքենաները։
CPCA-ում նոյեմբերին չափավոր աճ են կանխատեսում։ Աշխատանքային օրերի ավելի մեծ քանակը, ցուրտ եղանակը և աշխատանքային միգրանտների վերադարձը, ըստ ասոցիացիայի գնահատականների, կնպաստեն մարզերում պահանջարկի ավելացմանը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։