Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում գործող սոցիալական ծախսերի կիրառման հնարավորություններն ընդլայնելու նախաձեռնություն է ներկայացվել։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել սոցիալական ծախսերի համար նախատեսված գումարի որոշակի մասը փոխանցելու հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և քաղաքական կուսակցություններին։
Նախաձեռնության մանրամասները ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում, հայտնում է Radar.am-ը:
Քննարկման առարկան Կառավարության մշակած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է եղել։
Նոր մեխանիզմի համաձայն՝ քաղաքացիներն իրենց եկամուտների հայտարարագրի էլեկտրոնային էջում կկարողանան տեսնել համապատասխան կազմակերպությունների ցանկը։ Այդ ցանկից նրանք հնարավորություն կունենան ընտրելու այն կազմակերպությանը, որին ցանկանում են հատկացնել նախատեսված ֆինանսական միջոցները։
Սահակյանը պարզաբանել է, որ առաջարկվող կարգավորմամբ յուրաքանչյուր ընտրված հասարակական կազմակերպության, լրատվամիջոցի կամ քաղաքական կուսակցության հնարավոր կլինի փոխանցել 1000 դրամ։
Միաժամանակ սահմանվելու է փոխանցումների ընդհանուր առավելագույն չափը, որը կազմելու է 3000 դրամ։ Այսպիսով, քաղաքացին կկարողանա իր ընտրությամբ գումար ուղղել համապատասխան կազմակերպություններին՝ չգերազանցելով նախատեսված ընդհանուր սահմանաչափը։
«Նշելով այդ դաշտը՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից գումարը կփոխանցվի համապատասխան կազմակերպությանը»,- պարզաբանել է փոխնախարարը։
Աշխատանքային քննարկման մասնակիցները հիմնականում դրական վերաբերմունք են արտահայտել ներկայացված օրենսդրական նախաձեռնության նկատմամբ։ Միևնույն ժամանակ նրանք հանդես են եկել առաջարկություններով, որոնք վերաբերում են ինչպես հնարավոր շահառուների շրջանակին, այնպես էլ փոխանցվող գումարների չափերին։
Մասնավորապես, առաջարկ է հնչել այն կազմակերպությունների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան ֆինանսական միջոցներ ուղղել, ընդգրկել նաև ոչ պետական հիմնադրամներին։
Բացի այդ, քննարկման մասնակիցները նպատակահարմար են համարել վերանայել նախագծով նախատեսված գումարային սահմանափակումները՝ անդրադառնալով ինչպես առանձին կազմակերպություններին հատկացվող գումարին, այնպես էլ փոխանցումների ընդհանուր առավելագույն չափին։
Համլետ Սահակյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու նախաձեռնության շուրջ աշխատանքային քննարկումները շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը կարող է լրամշակվել՝ հաշվի առնելով քննարկումների ընթացքում ներկայացված ընդունելի առաջարկություններն ու դիտարկումները։
Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և հիմնադրամների ներկայացուցիչներ։