Եթե գերիների վերադարձի, Ցեղասպանության հարցը բարձրացնելու համար Եկեղեցին պատերազմ հրահրող է, ապա միջազգային իրավունքը սպառել է իրեն․ Գևորգ Դանիելյան

Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանն ասել է․ «Առաջին անգամ չէ, որ թե Եպիսկոպոսաց ժողովը, թե՛ Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը տեղի են ունենում արտագնա, որովհետև Եկեղեցին զուտ հայկական կառույց չէ, համասփյուռ կառույց է, պետք է կարողանա նույն կերպ վերաբերել բոլոր թեմերին, պատվիրականություններին, որոնք ՀՀ տարածքից դուրս են գտնվում։ Այսպիսի կառույցը չի կարող արտագնա նիստերի չդիմել և դիմել է միշտ։ Դա կաթողիկոսություն չէ, նման տերմին ընդհանրապես գոյություն չունի։

Գործ ունենք ոչ թե կաթողիկոսության, առանձին հոգևորականների և պետության փոխհարաբերությունների հետ, այլ՝ առավել խորքային խնդիրներ, որոնք պետք է անհանգստացնեն յուրաքանչյուրին՝ հավատացյալին, աթեիստին, աղանդավորին, այստեղ պետականության խնդիրն է։

Օրերս՝ փետրվարի 11-ին Փաշազադեի այցը Վատիկան, որտեղ Փաշազադեն զրպարտել է թե Եկեղեցուն, թե Վեհափառ տիրոջը՝ մեղադրելով իբրև խաղաղությանը դեմ ենք, պատերազմի քաղաքական ուժ ենք, ընդ որում, փաստարկն այն էր, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին կոչ է անում ռազմագերիներին, պատանդներին վերադարձնել, այսինքն՝ եթե այդ մասին խոսում է ԱՄՆ փոխնախագահը, ապա դա պատերազմի կոչ չէ, իսկ եթե խոսում է եկեղեցին՝ պատերազմի կոչ է։ Մյուս փաստարկը, որը բերվել է, այն հայտարարությունն է, որ Արցախում եկեղեցիները, սրբավայրերը չպետք է ոչնչացվեն, սակայն դրանք բարբարոսաբար բերվել են։ Հաջորդ խնդիրը վերաբերում է Հայոց Ցեղասպանության և ինքնությանը, թե Ադրբեջանն ինչ կապ ունի դրա հետ՝ պարզ չէ, թե իրենք իրենց կողմից իրականացվող ցեղասպանությունը հիշեն, մինչդեռ, այդ մասին խոսելն, ըստ Ադրբեջանի, ևս պատերազմի կոչ է։ Ցեղասպանությունն առաջինը ճանաչել է հենց Թուրքիան, Թուրքիայի դատարանները դատապարտել են՝ էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջումները, կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնք երբեք չեն բողոքարկվել։

Այն, ինչ դատական ակտերով արդեն հաստատվել է, դրանք չեն բեկանվել, այստեղ քննարկելու ոչինչ չունենք։ Եկեղեցու դիրքորոշումն այն է, որ պատրաստ ենք ներելու, եթե պատշաճ կարգով ներողություն հայցեն, բայց առայժմ միայն «պատշաճ կարգով» պահանջում են, որ մոռացվի և ոչ միայն Ցեղասպանությունը, այլև՝ մեր ինքնությունը, մեր պատմությունը ներկայացվում է առասպելաբանություն և այլն։ Եթե այս չափանիշներով Հայ եկեղեցին, Վեհափառը պետք է ճանաչվեն որպես պատերազմ հրահրող, ապա պետք է մոռանալ միջազգային իրավունքը և անշուշտ ճիշտ են այն գործիչները, որոնք ասում են, որ միջազգային իրավունքն իրեն սպառել է, բայց եթե սպառել է, ապա հարգելիներս, ձեր նախաստորագրած, ստորագրած բոլոր պայմանավորվածությունները կարող եք համարել սպառված»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment