Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.11.2026 | 13:25

Եվրոպական միության պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պահանջում են, որ եվրոպական կառույցները գնահատական տան Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակին։ Ըստ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի՝ երկրում քաղաքական հետապնդումները շարունակվում են, իսկ կալանքը դարձել է ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։

Մարիաննա Ղահրամանյանը հայտարարեց, որ Արսեն Գևորգյանի մահը քաղաքական հետապնդումների հետևանքով արձանագրված ողբերգական դեպք է։

Ըստ Ղահրամանյանի՝ ինքնազգացողության վատացումից հետո Գևորգյանին մոտեցել է ոչ թե քրեակատարողական հիմնարկի բժիշկը, այլ բուժակը, իսկ շտապօգնությունը հիմնարկ է մուտք գործել այն ժամանակ, երբ արդեն արձանագրվել է նրա մահը։

«Եթե ամեն բան իրականացվեր պատշաճ կարգով, համապատասխան ծառայությունները գործեին, մենք այսօր չէինք ունենա այս ողբերգական մահը»,- պնդեց նա։

Ղահրամանյանի պնդմամբ՝ Գևորգյանը պետք է ազատության մեջ լիներ, իսկ նրա նկատմամբ քրեական գործը շինծու էր։ Նա հիշեցրեց, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը կալանավորվել էր ընտրություններից չորս օր առաջ, իսկ կալանքի տակ գտնվելու 21-րդ օրը մահացել է։

Ընդդիմադիր պատգամավորը Գևորգյանի մահվան քաղաքական պատասխանատվությունը դնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և իրավապահ ու դատական համակարգերի ներկայացուցիչների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment