Քոչարյանի գործով 6 դրվագից 2–ի մասով դատարանը հերքել է հիմնավոր կասկածը․ Օրբելյան

Բաժանորդագրվել

Օրբելյանի խոսքով՝ գործով ներգրավված 41 քննիչից մեկը կատարել է 11 քննչական գործողություն, որոնց թվում եղել են մեկ օրում իրականացված երկու վկայի հարցաքննություններ և ընդամենը 3 րոպե տևած գործողություններ։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված 6 դրվագից 2-ի մասով դատարանը չի հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը։ Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով կալանքի երկարաձգման վերաբերյալ դատական նիստին։

«Գնացինք կալանքի երկարաձգման նիստի․ միջնորդությունում առաջադրված է վեց դրվագ, և երկու դրվագով դատարանն ուղղակիորեն հերքեց հիմնավոր կասկածի առկայությունը։ Մեկ դրվագը վերաբերում է «Օրանժ ֆիթնեսին»՝ այն, որ ամռանը նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էին առաջադրել, դիմել էր ԿԸՀ, և դրա շրջանակում գործընթաց էին արել․ դատարանը հերքեց՝ չգտնելով հիմնավոր կասկածը»,– ասաց Քոչարյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Քոչարյանի գործով քննարկման առարկա են մնացել նաև «Փլեյսիթիի» և «Կապուտակ Սևանի» հետ կապված դրվագները։ Նրա խոսքով՝ պաշտպանության կողմը 11,5 ժամ տևած դատական քննարկման ընթացքում ներկայացրել է իր հակափաստարկները։

Օրբելյանը քննադատեց նաև Քոչարյանի կալանքի ընթացքում իրականացված քննչական գործողությունների ծավալը։

«Հարցնում ենք՝ երկու ամիս պահել եք կալանքի տակ Քոչարյանին, ի՞նչ եք արել։ Ասում են՝ ջանասիրաբար աշխատել ենք։ Գործով ներգրավված է եղել 41 քննիչ, նրանցից մեկն է 11 գործողություն կատարել, բայց որ ասում եմ 11, իմացեք, որ դրանց թվում եղել են նույն օրն իրականացված 2 վկայի հարցաքննություններ, ինչպես նաև ընդամենը 3 րոպե տևած գործողություններ։ Այսինքն՝ ակնհայտ երևում է, որ ջանասիրության մասին չէ խոսքը, այլ քաղաքական կալանքի»,– եզրափակեց Օրբելյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցինՌոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օգոստոսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Leave a comment