ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք։
«Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն արագացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական մերձեցումն արևմտյան երկրների ու միավորումների հետ։ Մեր հայ գործընկերներին բազմիցս ասել ենք, որ Արևմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ»,- ասել է նա։
Ըստ Գալուզինի, Երևանում գիտեն Մոսկվայի սկզբունքային գնահատականները ԵՄ-ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության անհամատեղելիության մասին։ Նա ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումներին անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։