Երևանում 13-ամյա աղջկան ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու վերաբերյալ հրապարակումից հետո «Երևան ավտոբուսը» հայտարարել է, որ դեպքն ուսումնասիրվում է:
«Անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։
Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանը տեղեկացրել էր, որ իր 13-ամյա դստերը տրանսպորտային վերահսկողության աշխատակիցն իջեցրել է ավտոբուսից՝ երեխային միայնակ թողնելով անծանոթ կանգառում։
«Պատճառը՞. Երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն վճարել է հայրը:
Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկող կինը կոպիտ պատասխանել է, թե իրեն չի հետաքրքրում։ Իջեցրել է ավտոբուսից, որպեսզի լիցքավորի քարտը…Ավելին՝ երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի անձնագրի նկարը։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում մենակ ու կորել»,-ասվում է գրառման մեջ: