Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը

Քաղաքականություն

11.11.2026 | 10:41

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 10-ի երեկոյան ձայների 211 կողմ և 204 դեմ հարաբերակցությամբ աջակցել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների առաջարկին՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու մասին բանաձևն ուղարկել պալատի իրավական հարցերի հանձնաժողով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քանի որ հանձնաժողովը վերահսկվում է հանրապետականների կողմից, Հեգսեթին պաշտոնանկ անելու նախաձեռնությունը փաստացի արգելափակվել է մինչև Կոնգրեսի հաջորդ գումարման աշխատանքների մեկնարկը, ընդգծում է Reuters գործակալությունը։

Նոր գումարման Կոնգրեսն աշխատանքները կսկսի 2027 թվականի հունվարի 3-ին։ Նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն կունենան ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում։ Երբ այդ մեծամասնությունն ուժի մեջ մտնի, դեմոկրատները կկարողանան նախարարին պաշտոնանկ անելու ևս մեկ փորձ ձեռնարկել։ Դրա համար Ներկայացուցիչների պալատում անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնություն, իսկ Սենատում՝ երկու երրորդը։

Մինչ օրս ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարին պատմության ընթացքում երբեք իմփիչմենթ չի հայտարարվել։

Պենտագոնի ղեկավարի կուսակից, Կենտուկի նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին էր  ներկայացրել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու մասին բանաձևի նախագիծը։ Նա ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարին մեղադրել է լիազորությունները չարաշահելու մեջ, մասնավորապես, Կոնգրեսի թույլտվությունը չստանալով՝ Իրանի դեմ պատերազմի  համար։

Հեգսեթը հերքել է մեղադրանքները՝ դրանք որակելով որպես ֆարս։

«Պատմությունն Իրանի պատերազմին բոլորովին այլ գնահատական կտա, քան այն գնահատականը, որը գերակշռում է այսօր հանրային կարծիքում»,- հայտարարել է պատերազմի նախարարը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրան աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment