«Հրապարակ». Փաշինյանը «բաժանիր, որ տիրես» սկզբունքով թողնում է, որ թիմակիցներն իրար «փոր թափեն»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ՔՊ-ականների մրցակցությունը թեպետ թափ է հավաքում (երեկ Ալեն Սիմոնյանը վերահրապարակել էր Աննա Հակոբյանի՝ մայրաքաղաքի մասին քննադատական տեսանյութը), սակայն իշխանական թիմում կասկած չունեն, որ Տիգրան Ավինյանն է իրենց թեկնածուն: Ոչ թե այն բանի համար, որ նա լավ քաղաքապետ է, այլ այն բանի, որ այս տարիներին այնպիսի կուռ համակարգ է ձևավորել, որ ռիսկային է լինելու նրան այլ թեկնածուով փոխարինելը։
Արդեն 4 տարի է՝ համայնքային պետական ապարատն այնպես է իր հագով վերաձևել, ամենուր իր կադրերին՝ մտերիմ, ընկեր-բարեկամներ նշանակել, որ նրանք եռանդով չեն աշխատի որևէ այլ թեկնածուի համար, անգամ եթե վերևից քաղաքական հրահանգ իջնի։ Այս ամենը քաջ գիտակցում է նաև Փաշինյանը, պարզապես նա, սովորության համաձայն, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով թողնում է, որ թիմակիցներն իրար «փոր թափեն», թշնամանան, որ իր դեմ հանկարծ չհամախմբվեն, դավադրություն չհյուսեն երբևէ: Իսկ վերջին պահին կհայտարարի, թե ով է իրենց թեկնածուն: Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, նա, հայտնվելով Երևանի խցանումների մեջ, վրդովված տեսանյութ էր հրապարակել, թե Երևանում A կետից C կետ հասնելու համար մարդուն տիեզերագնացի առողջություն է անհրաժեշտ, տեղաշարժվելը դարձել է «ինֆարկտի բուն» և այլն։ Տիկինը դանդաղորեն ընտանեկան բռնությունից անցնում է այլ թեմաների»։