Բանգլադեշը մերժել է նախկին վարչապետ Հասինային անձնագիր տրամադրել և պահանջել է նրա արտահանձնումը Հնդկաստանից

Բանգլադեշի իշխանությունները մերժել են Հնդկաստանում վտարանդիության մեջ գտնվող նախկին վարչապետ Շեյխ Հասինայի՝ հայրենիք վերադառնալու համար անձնագիր և ազգային նույնականացման քարտ ստանալու դիմումը, հաղորդում է dpa-ն։


Դաքքայում հայտարարել են, որ նա կարող է վերադառնալ միայն արտահանձնման ընթացակարգի շրջանակում՝ իր նկատմամբ ընդունված մահապատժի դատավճիռն ի կատար ածելու համար։

«Ըստ անձնագրերի մասին օրենսդրության՝ եթե մեղադրյալը խուսափում է դատական քննությունից կամ թաքնվում է արդարադատությունից, նրան անձնագիր չի կարող տրամադրվել»,- երեքշաբթի հայտարարել է Բանգլադեշի Հանցագործությունների միջազգային տրիբունալի (ICT) գլխավոր դատախազ Ամինուլ Իսլամը։

Ըստ նրա՝ Հասինայի վերադարձի միակ օրինական ճանապարհը կարող է լինել արտահանձնումը՝ Բանգլադեշի և Հնդկաստանի միջև 2013 թվականին կնքված պայմանագրի հիման վրա։ Դատախազը նշել է, որ նրան ձերբակալելու հրամանագիրն արդեն տրվել է, իսկ համապատասխան ծանուցումը հրապարակվել է լրատվամիջոցներում։

Անցյալ տարվա նոյեմբերին Հանցագործությունների միջազգային տրիբունալը Հասինային մահապատժի էր դատապարտել 2024 թվականին ուսանողների գլխավորած զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։ Ապստամբությունը վերջ դրեց նրա 15-ամյա իշխանությանը։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ բողոքի ցույցերն ուղեկցած բռնությունների հետևանքով զոհվել է շուրջ 1400 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են։

79-ամյա Հասինան Հնդկաստանում է բնակվում 2024 թվականի օգոստոսի 5-ից, երբ ռազմական ինքնաթիռով հեռացավ Բանգլադեշից։

Hindustan Times պարբերականը հայտնել է, որ Լոնդոնում աշխատող նրա փաստաբանները Նյու Դելիում Բանգլադեշի բարձր հանձնակատարի գրասենյակ նոր անձնագիր և ազգային նույնականացման քարտ տրամադրելու դիմում են ուղարկել։ Պարբերականն այս քայլն անվանել է նախկին վարչապետի՝ հայրենիք վերադառնալու մտադրության առավել հստակ վկայությունը։

Իր կուսակցության ղեկավարների և ակտիվիստների հետ վերջերս անցկացված առցանց հանդիպումների ժամանակ Հասինան հայտարարել է, որ ցանկացած գնով կվերադառնա Բանգլադեշ։ Սակայն, դատախազի ասելով, նա խուսափում էր դատական քննությունից դեռևս մինչև դատավճռի կայացումը։

Leave a comment