WhatsApp-ը վերածվել է աշխարհի ամենահայտնի հաղորդագրությունների հավելվածներից մեկի, որից օգտվում է ավելի քան 3 միլիարդ մարդ: Սակայն օգտատերերի թվի աճին զուգահեռ հավելվածը նաև բարդացել է՝ համալրվելով համայնքներով (Communities), ալիքներով (Channels), կարգավիճակներով (Stories) և բիզնես գործիքներով, ինչի պատճառով շատերի համար դրանից օգտվելը դարձել է ոչ այնքան հարմարավետ, գրում է TechCrunch-ը։
Կունալ Շահը, ով այս տարվա սկզբին հավելվածի մշակման ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ուիլ Քաթքարթին, այժմ մտադիր է պարզեցնել հավելվածն ու դրանում կատարվող գործողությունները: Երեքշաբթի օրը հրապարակված իր նոր նշումում Շահը նշել է, որ ընկերությունը նպատակ ունի ձայնային հաղորդագրությունները, խմբերը, ստիկերներն ու տեսանյութերը դարձնել «ավելի պարզ և արտահայտիչ»:
WhatsApp-ը երկար ժամանակ փորձում է նաև զարգացնել էկոհամակարգ, որը թույլ է տալիս օգտատերերին ուսումնասիրել ապրանքներն ու կատարել գնումներ: Շահի նշումը փաստում է, որ այս ուղղությամբ նոր քայլեր են սպասվում՝ ակնարկելով վճարային համակարգերի և հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցության մասին, ինչը հնարավորություն կտա հավելվածի միջոցով վճարել կոմունալ վարձերը, վարկեր ձևակերպել և ձեռք բերել eSIM քարտեր:
Բացի այդ, Շահն ընդգծել է արհեստական բանականության (AI) դերը՝ կարևոր տեղեկատվությունն օգտատերերին արագ հասանելի դարձնելու գործում.
«Այն պետք է արագ գտնի ձեզ անհրաժեշտ տեղեկությունը, կատարի առաջադրանքները և համոզվի, որ բաց չեք թողնի ոչ մի ամրագրում կամ հանդիպում: Լավագույն տեխնոլոգիան խնայում է ձեր ժամանակը, որպեսզի կարողանաք վերադառնալ իսկապես կարևոր կապերին», — գրել է նա:
Այժմ WhatsApp-ն առաջարկում է AI օգնական, որը կարող է ամփոփել հաղորդագրություններն ու պատրաստել տեքստերի նախագծեր: Դեռևս հստակ չէ՝ արդյոք ընկերությունը կօգտագործի իր Muse ագենտը տեղեկատվություն հավաքագրելու և հիշեցումներ ուղարկելու համար:
Կունալ Շահի ամբողջական ուղերձը.
«Իմ մտքերը 5 ամիս անց»
WhatsApp-ը նմանեցնում եմ ընդհանուր լեզվի, որով խոսում է ավելի քան 3 միլիարդ մարդ: Գոյություն ունեն պահեր, երբ մենք օգտագործում ենք բառեր, իսկ երբեմն՝ ձայնային հաղորդագրություն ծնողներին, վեճը եզրափակող ստիկեր կամ «տեղ եմ հասել» տեքստը գիշերվա ժամը 2-ին: Լեզուն ընկած է մեր բոլոր գործողությունների հիմքում. մենք նամակներ ենք գրում, պատմություններ պատմում, բարդ հաղորդագրություններ ուղարկում և ապագայի ծրագրեր կազմում: Եվ WhatsApp-ի չաթն հաճախ հենց այն տեղն է, որտեղից ամեն ինչ սկսվում է:
Ինչպես ցանկացած լեզու, այն ձևավորում են հենց օգտատերերը: Նրանք թույլտվության չեն սպասում. նրանք գտնում են ասելիքի նոր թեմաներ և արտահայտվելու նոր ձևեր: Հաճախ հենց մեր օգտատերերն են ցույց տալիս, թե ինչ պետք է լինի հաջորդիվ՝ ելնելով նրանից, թե ինչպես են օգտագործում հավելվածը և շփվում աշխարհի հետ:
Վերջին մի քանի ամիսները ես անցկացրել եմ մեր օգտատերերին լսելով և հասկանալով նրանց կարիքներն ու ցանկությունները, և այն, ինչ լսեցի, շատ պարզ է. օգնել մարդկանց մոտ մնալ իրենց համար թանկ անձանց հետ և ավելի շատ գործեր հասցնել WhatsApp-ում:
Ուստի մենք ստեղծելու ենք հենց դա:
Առաջին հերթին՝ մենք ցանկանում ենք հաղորդակցությունը դարձնել ավելի հարուստ: Երբեմն դիմացինի ձայնը լսելը, կատակ ուղարկելը, որևէ ծրագրի շուրջ համաձայնության գալը կամ պարզապես իմանալը, որ նա ապահով է, ամբողջ էությունն է: WhatsApp-ում ամեն օր ուղարկվում է ավելի քան 10 միլիարդ ձայնային հաղորդագրություն և 4 միլիարդից ավելի ստիկեր: Քանի որ մարդկանց շփման ձևերը փոխվում են, մենք զարգացնելու ենք այս հնարավորությունները նրանց հետ միասին: Մենք ձայնային հաղորդագրությունները, խմբերը, ստիկերներն ու տեսանյութերը կդարձնենք ավելի պարզ և արտահայտիչ, քանի որ մտերմության ընկալումը մշտապես փոխվում է:*
Երկրորդ՝ մենք ցանկանում ենք, որ ցանկացած գործողություն լինի նույնքան պարզ, որքան հաղորդագրություն ուղարկելը: Չափազանց շատ գործընթացներ սկսվում են չաթում, բայց ավարտվում են այլ հարթակներում լրացուցիչ քայլերով՝ վարձերի վճարում, փոխառություններ, ճանապարհորդելիս կապի մեջ մնալ: Այլ հավելվածների անցնելը խլում է թանկարժեք ժամանակ: Մենք աշխատում ենք ֆինանսական և հեռահաղորդակցության գործընկերների հետ, որպեսզի որևէ գործ ավարտին հասցնելը լինի նույնքան հեշտ, որքան այն սկսելը:*
Երրորդ՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ արհեստական բանականությունը (AI) այս ամենը կդարձնի ավելի արդյունավետ: Այն պետք է անկկատ գտնի ձեզ անհրաժեշտը, կատարի առաջադրանքները և համոզվի, որ բաց չեք թողնի ոչ մի ամրագրում կամ հանդիպում: Լավագույն տեխնոլոգիան խնայում է ձեր ժամանակը, որպեսզի կարողանաք վերադառնալ իսկապես կարևոր կապերին:*
Այս ամենը ոչ մի արժեք չի ունենա վստահության բացակայության դեպքում: Վստահություն շահելու համար տարիներ են պահանջվում, իսկ կորցնելու համար՝ ընդամենը մի ակնթարթ, և եկեք սա թեթևամտորեն չընդունենք: Ինչ էլ որ ստեղծենք, WhatsApp-ը պետք է մնա պարզ, հուսալի և գաղտնի: Տարիներով գործող այս սկզբունքները չեն փոխվելու: Ձեր անձնական հաղորդագրություններն ու զանգերը պահպանում են ծայրից ծայր ծածկագրումը (end-to-end encryption): Դա չի փոխվելու, ինչպես և մեր որակի բարձր պահանջները:
WhatsApp-ի ներսում կատարվողը կարևոր է միայն նրանով, թե ինչ է այն հնարավոր դարձնում դրանից դուրս՝ ավելի շատ ժամանակ միասին, ավելի ամուր համայնքներ և ավելի քիչ խոչընդոտներ մարդկանց ու իրենց ցանկացած կյանքի միջև:
Առա՛ջ»։