Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական խորհրդի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, ՀՀ Սահմանադրության շուրջ ներքաղաքական խմորումներին, ընդդիմության գործելաոճին և Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությանը։

Խոսելով խորհրդարանական ընդդիմության և նրանց գործողությունների դրդապատճառների մասին՝ Քոչինյանը նշել է. «Խորհրդարանական ընդդիմություն մի կերպ դարձած, կոռուպցիայով և այլ հնարքներով Ազգային ժողովում հայտնված ուժերը, և դրանց շուրջ միավորված քաղաքական ուժերը․․․ դա ըստ էության Ռուսաստանի՝ Հայաստանի խորհրդարանում ունեցած մեկ երրորդի չափով ակտիվի օգտագործումն է երկու նպատակով. առաջին՝ Հայաստանի ներսում հերթական անգամ քաղաքական բևեռացում գեներացնել, և երկրորդը՝ հնարավորինս դանդաղեցնել, կասեցնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը»։

Նա կասկածի տակ է դնում, որ խորհրդարանական ընդդիմության գործողությունները անկախ են՝ չունեն արտաքին կառավարում․ «Չի լինում մարդը միլիարդատեր Ռուսաստանում, բայց լինի ինքը անկախ… Պետք է ուղղակի չճանաչել Ռուսաստանը այդպիսի բան մտածելու համար։ Եվ չի լինում, որ էդ մարդը իր փողը տա, բայց էդ մարդիկ իրենք որոշեն, որ իրենք անկախ քաղաքական գիծ են վարում»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պահանջին, թե խաղաղության պայմանագիր չի ստորագրվի առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության, Քոչինյանը նշել է՝ նախկինում Հայաստանն այդ գինը վճարում էր Արցախի համար, սակայն այժմ իրավիճակը փոխվել է. «Ըստ էության, քանի դեռ կար Ղարաբաղը, Հայաստանը Ղարաբաղի դիմաց գին էր վճարում քաղաքական… հիմա Ղարաբաղը չկա, բայց փաստացի ընդդիմությունը մեզ առաջարկում է, որ մենք շարունակենք վճարել այդ գինը։ Ինչը երևի աշխարհի ամենաաբսուրդային հնարավոր սցենարն է Հայաստանի համար՝ չկա Ղարաբաղը, բայց մենք շարունակում ենք վճարել դրա գինը»։

Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրի շուրջ հնչող ծայրահեղ ձևակերպումներին (թե առանց դրա Հայաստանը կլուծարվի), քաղաքագետը նշել է. «Սա մի քանի խեղկատակի կողմից հրապարակ նետվող արտահայտություններ են, որոնք ես չեմ բացառում արվում են հենց դիտավորությամբ, որպեսզի մեր հանրային դիսկուրսը դարձնեն իրենց նման խեղկատակություն։ Չի կարելի իջնել խեղկատակի մակարդակին և խեղկատակի ասածը լուրջ քննարկել»։

Քոչինյանը համամիտ է, որ Ադրբեջանը ևս պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից, սակայն դա չպետք է կապվի խաղաղության պայմանագրի հետ. «Ես էլ եմ ակնկալում, որ Ադրբեջանը պետք է Հայաստանից ներողություն խնդրի և հայ ժողովրդից ներողություն խնդրի… Բայց դա խաղաղության համաձայնագրի նախապայման չի կարող լինել»։

Խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման կարևորության մասին՝ նա ընդգծել է.
«Հայ-ադրբեջանական սահմանը տարածաշրջանի ամենաերկար սահմանն է՝ 1014 կիլոմետր։ Հիմա ֆիքսենք, որ սա ոչ թե սահման է, այլ ռազմաճակատ։ Ինչ ահռելի քանակությամբ ռեսուրսներ են ծախսում պետությունները էդ ռազմաճակատը ռազմաճակատ պահելու տեսանկյունից… Արևելք-արևմուտք պարագծով հնարավոր ամենակարճ կապը ցամաքային անցնում է Հայաստան-Ադրբեջան տարածքով, ոչ թե Վրաստան-Ադրբեջան տարածքով, և սա շատ լավ հասկանում և գիտակցում են»։

Բացատրելով ՌԴ-ի շահերը մեր տարածաշրջանում՝ քաղաքագետն ասել է. «Ռուսներին ի՞նչ է պետք, ռուսներին պետք է, որ կոնֆլիկտը շարունակվի… Խնդիրը կոնֆլիկտը պահելն է։ Էդ կոնֆլիկտը կարող է շարունակվել՝ 200 կիլոմետր քառակուսի որ իրանք են մեզանից վերցրել կամ 70-ը, որ մեր վերահսկողության տակ ա՝ դրա միջոցով… Խնդիրը կոնֆլիկտը պահելն է»։

Նա նաև անդրադարձել է բարձրաստիճան շփումներին. «Ես կարծում եմ հիմա Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Եվրոպական Միությունում պատրաստվում են Փաշինյան-Պուտին հանդիպմանը, որը,ամենայն հավանականությամբ, այս տարի պիտի որ տեղի ունենա։ Եվ շատ բաներ, որ տեղի են ունենում, կարելի է կապել էդ հանդիպման տնային աշխատանքի հետ»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment