«Նոր Զովքի» հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող «Նոր Զովքի» հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ հայտնաբերելու պատճառով։

Մասնավորապես, պարզվել է, որ արտադրական շինության կառուցվածքը պատշաճ կերպով չի ապահովել պարենային հումքի, պատրաստի սննդամթերքի, ինչպես նաև մաքուր և աղտոտված գույքի հոսքերի տարանջատումը։

Տեսչական մարմնի արձանագրմամբ՝ տարածքի կազմակերպումը չի բացառել այդ հոսքերի խաչաձևման հնարավորությունը, ինչը հակասում է սննդամթերքի արտադրության համար սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին։

Խախտումներ են հայտնաբերվել նաև արտադրամասի մուտքի կազմակերպման հարցում։

Պարզվել է, որ շինության արտաքին դուռը բացվել է անմիջապես արտադրական տարածքի մեջ։ Արտադրամասը տեղակայված է սուպերմարկետին կից, իսկ նույն մուտքով իրականացվել է սուպերմարկետին վերաբերող տարբեր տեսակի սննդամթերքի և տնտեսական ապրանքների ներս ու դուրս տեղափոխումը։

Վերահսկողության ընթացքում տեսուչները թերություններ են արձանագրել նաև արտադրական շինության ներքին հարդարման և տեխնիկական վիճակի վերաբերյալ։

Մասնավորապես, պատերի որոշ հատվածներում հայտնաբերվել են վնասված մակերեսներ, որոնք հարթ չեն եղել և չեն համապատասխանել սահմանված պահանջներին։

Բացի այդ, արտադրամասի առաստաղի առանձին հատվածներում նույնպես վնասվածքներ են արձանագրվել։ Նման վիճակը չի ապահովել կեղտի կուտակման և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորության կանխարգելումը։

Սանիտարահիգիենիկ պահանջների մյուս խախտումը վերաբերել է աշխատակիցների համար անհրաժեշտ կենցաղային պայմանների ապահովմանը։

Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասում անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել։

Կասեցումը գործելու է մինչև տեսչական մարմնի արձանագրած բոլոր խախտումների վերացումը։

Leave a comment