ԱՄՆ-ի 166000 ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ ծրագիրը՝ ուղղված ամերիկահայ արվեստագետի ժառանգության պահպանությանը․ դեսպանություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․
Ի նշանավորումն ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանի ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գրիֆին Ռոզելը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը միասին ազդարարեցին ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող նոր 166․000 ԱՄՆ դոլարի ծրագրի մեկնարկը, որով նորոգման ու պահպանության աշխատանքներ են իրականացվելու ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի Վաղարշապատում գտնվող թանգարանում։ ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կօգնի ամերիկահայ մոդեռնիստ Խորեն Տեր-Հարությանի գեղարվեստական ժառանգության պահպանությանը և հանրության համար ավելի մատչելի կդարձնի նրա ստեղծագործությունները։ Ծրագիրը կաջակցի թանգարանի շենքի վերանորոգմանը, երկու ցուցասրահային հարկերի վերականգնմանը և հավաքածուի պահպանման ու ցուցադրման պայմանների բարելավմանը։ Այս աշխատանքների շնորհիվ կբարելավվեն թանգարանում գտնվող 261 արվեստի գործերի պահպանության պայմանները և կձևավորվի այցելուների համար ավելի բարենպաստ միջավայր՝ արվեստագետի ստեղծագործություններին ծանոթանալու համար։
ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի այս տարվա ծրագիրը, պայմանավորված ԱՄՆ 250-ամյա հոբելյանով և «Ազատություն 250» նախաձեռնություններով, ուղղված է մշակութային այնպիսի արժեքների պահպանությանը, որոնք ուղղակի կապ ունեն Միացյալ Նահանգների հետ։ Խորեն Տեր-Հարությանի թանգարանը հենց այդպիսի ուղղվածություն ունի և արտացոլում է ամերիկահայ քանդակագործի ունեցած ներդրումը և Հայաստանի ու Միացյալ Նահանգների մշակութային կապերը։ Այս նոր ծրագրով Միացյալ Նահանգները շարունակում է ավելի քան երկու տասնամյակ առաջ սկսած իր աջակցությունը Հայաստանի մշակութային
ժառանգության պահպանությանը։ 2005թ․ ի վեր ԱՄՆ-ն Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով շուրջ 1,84 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման 16 ծրագրի։ Այդ ծրագրերը նպաստել են պատմական հուշարձանների, հնավայրերի, արվեստի գործերի և մշակութային ավանդույթների պահպանությանը։
Նշենք ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված նախորդ ծրագրերից մի քանիսը․
· Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի. միջնադարյան եկեղեցու պահպանություն, եկեղեցու պատմական որմնանկարների վերականգնում։
· Երերույքի բազիլիկ տաճար. Շիրակի մարզում գտնվող 5-րդ դարի բազիլիկ տաճարի կոնսերվացում և պատմական միջավայրի պահպանում։
· Դաշտադեմի ամրոց. միջնադարյան ամրաշինական համալիրի կառույցների պահպանում ու ամրակայում։
· Սանահինի վանական համալիր. միջնադարյան համալիրի արևելյան հատվածում գտնվող պատմական եկեղեցիների, հուշակոթողների և այլ հուշարձանների կոնսերվացում։
· Արենու քարանձավ. հնավայրի և հնագույն մշակութային շերտերի պահպանում, ինչպես նաև տեղանքի բարելավումներ։
· Գյումրիի պատմական որմնանկարներ. հայ նկարիչներ Ռաֆայել Աթոյանի և Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունների պահպանում։
ԱՄՆ պետքարտուղարության ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը գործում է 2001 թ․-ից և աջակցում է համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը։ Հայաստանում ծրագիրն արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի երկարամյա գործընկերությունը և երկրի մշակութային գանձերը պահպանելու երկուստեք հանձնառությունը։