Չինաստանում մեծ ժողովրդականություն են ձեռք բերում ինքնաբուխ գնումները կանխելուն ուղղված հավելվածները, այդ թվում՝ «Դեռ ցանկանո՞ւմ ես գնել» անվանումով մինի հավելվածը։
«Դեռ ցանկանո՞ւմ ես գնել» հավելվածը գործարկվել է այս տարվա օգոստոսին։ Մշակողի՝ Ցյանչենգ կեղծանունով հանդես եկող անձի խոսքով՝ գործարկումից մեկուկես ամիս անց գրանցված օգտատերերի թիվն արդեն գերազանցել է 500 հազարը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հավելվածը հատկապես մեծ տարածում է գտնում երիտասարդների շրջանում։
Հավելվածի գաղափարն այն է, որ օգտատերերը գնումները համաձայնեցնեն իրենց մտերիմների հետ և խնայեն գումար՝ խուսափելով ինքնաբուխ ու իմպուլսիվ գնումներից։
Օգտատերը պետք է իր անձնական էջում ստեղծի այն ապրանքների ցանկը, որոնք ցանկանում է գնել՝ նշելով դրանց գները։ Այնուհետև անհրաժեշտ է համաձայնեցնել այդ գնումները։ Դրա համար ապրանքների ցանկը պետք է ուղարկել մեկ կամ մի քանի անձանց, ընտրել հաստատման տարբերակներն ու դրանց համար անհրաժեշտ ձայների տոկոսային շեմը, ինչպես նաև սահմանել որոշում կայացնելու ժամկետը։
Հավելվածը հնարավորություն է տալիս նաև հետևել սեփական բյուջեին։ Օգտատերը սահմանում է գնումների համար նախատեսված գումարի չափը, որի մասին տեղեկանում են նաև գնումները հաստատող անձինք։ Գնումը հաստատվելու դեպքում ապրանքի արժեքը հանվում է վիրտուալ բյուջեից, իսկ մերժման դեպքում այդ գումարը հաշվեգրվում է խնայված միջոցների հաշվին։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չինաստանում Միայնակների օրվա (11.11) կապակցությամբ անցկացվող վաճառքների մեկնարկից առաջ WeChat և Alipay խոշոր հարթակներում հայտնվել են նմանատիպ տասնյակ մինի հավելվածներ, որոնք օգնում են վերահսկել ինքնաբուխ գնումները։ Դրանց առնչվող հեշթեգները սոցիալական ցանցերում արդեն տասնյակ միլիոնավոր դիտումներ են հավաքում։