ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին կներկայացվի անդամավճարների գծով պարտքի պատճառով կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման նախագիծը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կողմերը ստիպված են եղել քննարկել ՀԱՊԿ կանոնադրությամբ սահմանված պարտավորությունների կատարման հարցը՝ կազմակերպության բյուջե ամենամյա անդամավճարների մասով։
«Համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտավորված պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցում և ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ Որոշման այս նախագիծը նույնպես կքննարկվի վաղը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում», — ասել է Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽԿԽ նիստերի արդյունքներով։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Երևանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման մասին և դադարեցրել է պարտադիր վճարների փոխանցումը: Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը նման ձևաչափով անդամակցության կասեցման հնարավորություն չի նախատեսում: