Նոր Սահմանադրության տեքստի հրապարակումն արդեն նախանշվում է այս ամսվա մեջ. Գալյան

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել այս ամսվա ընթացքում, որից հետո կսկսվեն դրա շուրջ հանրային քննարկումները


ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել այս ամսվա ընթացքում, որից հետո կսկսվեն դրա շուրջ հանրային քննարկումները։


Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ քննարկվել է տեքստի ավելի քան 95%-ը։

«Ամեն դեպքում ևս մեկ նիստ, կարծում եմ, որ պետք է հասցնենք անցկացնել մինչև տեքստի հրապարակումը, իսկ տեքստի հրապարակումն արդեն նախանշվում է այս ամսվա մեջ»,– ասել է Գալյանը։

Նախարարը նշել է, որ նախագծի հրապարակումից հետո այն հասանելի կլինի հանրությանը՝ ծանոթանալու և սեփական կարծիքը ձևավորելու համար։ Այդ նպատակով կբացվի քննարկումների հարթակ, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

Գալյանի խոսքով՝ հանրային քննարկումները պետք է լինեն բավականին մանրամասն և ներառեն ինչպես մասնագիտական հանրությանը, այնպես էլ քաղաքացիների տարբեր խմբերին։

«Մեր նպատակը, իրականում, նախագիծը որքան հնարավոր է շատ ու մանրամասն քննարկել հասարակության հետ, ընդ որում՝ բոլոր ֆոկուս խմբերի հետ, այդ թվում՝ մասնագիտական հանրության և մեր քաղաքացիների հետ»,– ընդգծել է նա։

Գալյանը քաղաքացիներին կոչ է արել հրապարակումից հետո նախագծին վերաբերվել որպես քննարկման ենթակա փաստաթղթի և քննադատաբար մոտենալ դրա դրույթներին։

«Նոր Սահմանադրության նախագիծը դեռ նախագիծ է լինելու հրապարակվելուց հետո։ Կոչս, խնդրանքս մեր քաղաքացիներին այն է, որ այդ նախաձեռնությանը վերաբերվեն որպես նախագծի և քննադատաբար մոտենան նախագծին՝ անելով իրենց դիտարկումները»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հանրային քննարկումների արդյունքում պետք է ձևավորվի հնարավորինս կոնսենսուսային նախագիծ, որն արդեն կառաջարկվի դնել հանրաքվեի։

Անդրադառնալով նախագծի պատրաստ լինելու ժամկետների վերաբերյալ քննադատությանը՝ Գալյանը նշել է, որ ավելի վաղ հայտարարել էր՝ տեքստը պատրաստ կլինի մարտին, և այդ ժամկետը պահպանվել է։ Նրա խոսքով՝ հետաձգվել է ոչ թե նախագծի պատրաստ լինելը, այլ դրա հրապարակումը, և քննարկումներ են տեղի ունեցել տեքստի լավարկման շուրջ։

Leave a comment