Թեհրանը Բաքվին ոչ բարեկամական քայլի մեղադրանք է ներկայացրել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, ասել է, որ «նման շփումների մասին կոնկրետ ծրագիր չկա»։
Երկու օր հետո կայացել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս հեռախոսազրույցը ուշագրավ է երկու առումով․ այն կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև «շփումներ ծրագրված չլինելու» մասին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի հայտարարությունից հետո և նախորդել է Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որն անցել է նոյեմբերի 8-ին։ Ըստ թուրքական մամուլի՝ Շուշիում Էրդողանը և Ալիևը բացառապես դեմ առ դեմ ձևաչափով մի քանի ժամ տևած փակ քննարկումներ են ունեցել։ Այդ ընթացքում կողմերի արտաքին գործերի նախարարներ Ֆիդանը և Բայրամովը միայն «ոտքի վրա» հանդիպում են ունեցել, իսկ ո՞րն էր Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընի առաքելությունը․ բաց աղբյուրները, բնականաբար, այդ մասին ոչինչ չեն ասում։ Նոյեմբերի 5-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ըստ արաբական աղբյուրների՝ նա Պուտինին է փոխանցել Իրանի Գերագույն առաջնորդ Սայեդ Մոջթաբա Խամենեիի «հրատապ ուղերձը»։
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ-ը և Իրանը «կարող են քննարկել ուրանի հարստացման իրանական ծրագիրը»։ Այս համատեքստում Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին նոյեմբերի 9-ին այցելել է Երևան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա փոխանցել էԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները։
Նույն օրը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հրավիրվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել են Եվրասիայի դեպարտամենտի տնօրենի մակարդակով։ Դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Իրանի տասնչորս քաղաքացիների, այդ թվում՝ խորհրդարանի նախկին և գործող պատգամավորների՝ «անցանկալի անձ» հայտարարելու առթիվ բողոք է ներկայացվել։ Իրանական կողմը պաշտոնական Բաքվի այդ քայլը «ոչ բարեկամական» է որակել։
Ադրբեջանի արտգործնախարարությունը Իրանի տասնչորս քաղաքացու «անցանկալի անձ» է հայտարարել նոյեմբերի 3-ին։ Պաշտոնական Թեհրանը այդ ոչ բարեկամական քայլին արձագանքել է գրեթե մեկշաբաթյա ուշացումով, ընդ որում՝ Թուրքիայի նախագահի՝ Իրանին սահմանամերձ տարածքներ այցի հաջորդ օրը։ Այդ ուղևորության ողջ ընթացքում MIT-ի տնօրեն Իբրահիմ Քալընը Էրդողանի հետ է եղել։ Իր թիկունքում թուրքական հատուկ ծառայության ներկայությունը, ըստ երևույթին, Իրանին ավելի է ասել, քան բարեկամության մասին Բաքվից պարբերաբար հնչող հայտարարությունները։
Վահրամ Աթանեսյան