Սկանդալից հետո Nvidia-ի ղեկավարի կարողությունը նվազել է՝ հասնելով 160 մլրդ դոլարից ցածր մակարդակի

Nvidia-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի կարողությունը մեկ օրում նվազել է 7.9 մլրդ դոլարով՝ հասնելով 154.7 մլրդ դոլարի։ Այս մասին վկայում են Forbes-ի տվյալները։ Արդյունքում միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում նա ութերորդ տեղից իջել է տասներորդ հորիզոնական։

Ջենսեն Հուանգի կարողության մեծ մասը կապված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Nvidia ընկերությունում նրա ունեցած բաժնեմասի հետ։ Bloomberg-ի՝ 2026 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ Հուանգին անձամբ և ընտանեկան թրասթների միջոցով պատկանում էր ընկերության բաժնետոմսերի շուրջ 3.4%-ը։

Նոյեմբերի 9-ի առևտրային նստաշրջանի ընթացքում Nvidia-ի (NVDA) բաժնետոմսերը NASDAQ բորսայում նվազագույն պահին էժանացել են 8.8%-ով՝ հասնելով 170.26 դոլարի։ Արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է մինչև 4.29 տրլն դոլար։ Այդուհանդերձ, Nvidia-ն շարունակում է զբաղեցնել աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկի երկրորդ հորիզոնականը։

Nvidia-ի բաժնետոմսերն ԱՄՆ-ում էժանացել են այն բանից հետո, երբ ընկերության տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի գործունեության վերաբերյալ։

Nvidia-ի ղեկավարին կասկածում են սինգապուրյան Megaspeed ընկերության ղեկավար Էլիս Հուանգի հետ «սերտ կապեր» ունենալու մեջ։ ԱՄՆ հատուկ ծառայությունների կարծիքով՝ վերջինս հավաքագրվել է Չինաստանի պետական անվտանգության նախարարության կողմից։ Financial Times-ի տվյալներով՝ նրանց կապել են ռոմանտիկ հարաբերությունները։ Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ դա կարող էր հանգեցնել ԱՄՆ-ում արհեստական բանականության տեխնոլոգիաների վերաբերյալ գաղտնի տվյալների արտահոսքի և արտահանման սահմանափակումները շրջանցելու փորձերի։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը զրպարտություն է որակել այն մեղադրանքները, թե չինական հետախուզությունը փորձել է կապ հաստատել NVIDIA-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

Դեպքից հետո Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է անկախ հետաքննություն սկսելու մասին։

«Թեև տնօրենների խորհուրդը հիմքեր չունի ենթադրելու, որ խախտվել են ազգային անվտանգության պահանջները կամ բացահայտվել են Nvidia-ի գաղտնիքները, հետաքննության ընթացքում կուսումնասիրվեն բոլոր հասանելի տեղեկությունները», – ասվում է հայտարարության մեջ։

Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերությունն աշխարհում գրաֆիկական պրոցեսորների և արհեստական բանականության համակարգերի համար նախատեսված չիպերի խոշորագույն մշակողներից մեկն է։ Ջենսեն Հուանգը հիմնադրել է ընկերությունը 1993 թվականին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment