Մեր փողոցները ռեզինից չեն, չեն կարող ավելի ընդլայնվել, հայտարարել է Ավինյանը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում ավտոմեքենաների թվի շարունակական աճի պայմաններում խցանումների խնդրի լուծման միակ ճանապարհը հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն է, իսկ ավտոմեքենայով տեղաշարժվելը պետք է դառնա շքեղություն, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ավտոմեքենայով տեղաշարժվելը արդեն մեզ մոտ, այսպես ասած, մի փոքր ավելի շքեղություն պետք է դառնա։ Մեր փողոցները ռեզինից չեն, չեն կարող ավելի ընդլայնվել»,- ասել է Ավինյանը նախօրեին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ.-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ քաղաքում խցանումների խնդիրը գնալով սրվում է, և այն այսօր Երևանի ամենահիմնարար խնդիրն է։
Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանն արդեն ունի վերլուծական կենտրոն, որի միջոցով տեսախցիկների տվյալներով ուսումնասիրվում է երթևեկության իրավիճակը։
«100 խաչմերուկների վերլուծությունից մենք տեսնում ենք, որ մոտավորապես այդ 100-ից 85%-ի դեպքերում խցանումները սկսում են առաջանալ այն պայմաններում, երբ որևէ ավտոմեքենա վերջին կանաչով անցնում է և գնում, կանգնում խաչմերուկում»,- նշել է Ավինյանը։
Նա ընդգծել է, որ նման իրավիճակներում ներգրավված մեքենաների զգալի մասը նաև քաղաքային ավտոբուսներն են եղել, և այդ խնդրի կրկնությունը կանխելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել։
Անդրադառնալով խցանումների լուծման տարբերակներին՝ քաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է առաջնահերթություն տալ հանրային տրանսպորտին՝ ներդնելով առանձնացված գծեր և որոշակի սահմանափակումներ կիրառելով մասնավոր ավտոմեքենաների նկատմամբ։
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ունենալ 25 ավտոբուս՝ առանց առանձնացված գծերի, շատ ավելի դանդաղ է, քան ունենալ 15 ավտոբուս առանձնացված գծերով։ Այսինքն՝ առանձնացված գծերը միանշանակ հանրային տրանսպորտն արագացնելու են մինչև 30%-ով»,- ասել է նա։
Միաժամանակ Ավինյանը նշել է, որ այդ փոփոխությունները կարող են ավելի բարդացնել մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը, ուստի անհրաժեշտ է նաև կայանման համապատասխան ենթակառուցվածք ստեղծել։
«Առանց սահմանափակումների չենք կարող ունենալ որևէ լուծում։ Աշխարհը այդպիսի լուծումներ դեռևս չի ստեղծել»,- եզրափակել է քաղաքապետը։