Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը: Տեղեկությունը հաստատել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից, հայտնում է Sputnik Արմենիան:
Դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հայտնում է Արմենպրեսը:
«Նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980 թ. ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- ասել է Նավիկյանը։
Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններից չորս օր առաջ։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 14 անձ։
Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մի քանի տասնյակ ընտրողի գումար էր տվել «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով։ Գևորգյանը չէր ընդունում մեղադրանքը։