2024 թվականին մեր երկրում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք. ԱՆ


Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD) նշվում է յուրաքանչյուր տարի փետրվարի 15-ին, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը մանկական քաղցկեղի և այն եզակի մարտահրավերների մասին, որոնց բախվում են քաղցկեղ ունեցող երեխաներն ու դեռահասները, հիվանդությունը հաղթահարածները և նրանց ընտանիքները: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:


 


Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են առողջության համընդհանուր ապահովագրության, բնակչության առողջության պահպանման բարելավման ծրագրերի շրջանակներում և «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:  


 


Վիճակագրական տվյալների համաձայն` 2024 թվականին մեր երկրում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք:


 


Հարկ է նշել, որ արյան քաղցկեղի բուժման ցուցանիշները Հայաստանում բավականին բարձր են։ Պացիենտների գրեթե 75-80%-ը լիարժեք առողջանում է, ինչը համադրելի է եվրոպական զարգացած երկրների ցուցանիշների հետ։


 


Առողջապահության նախարարությունն օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների և դեռահասների համար նախատեսված դեղերի ապահովումն իրականացնում է հաստատված կլինիկական ուղեցույցներին համապատասխան:


 


ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում իրականացվում են ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում, իսկ 2021 թվականից իրականացվում է նաև ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։


 


2025 թվականին պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 6 երեխայի ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում և 1 երեխայի ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում:


 


Կենտրոնում գործում է Երեխաների և դեռահասների քաղցկեղը վերապրածների կլինիկան, որը հիմնադրվել է 2023 թվականին։


 


Կլինիկան իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում, որը տրամադրում է երկարաժամկետ, համակարգված և բազմապրոֆիլ հսկողություն՝ քաղցկեղից բուժված երեխաների և դեռահասների համար։


 

Դիտումների քանակ2

Leave a comment