«Փաստ» օրաթերթը գրում է. Վեց տարի առաջ ստորագրվեց հայտնի «եռակողմ հայտարարությունը»՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին»: ՌԴ նախագահ Պուտինն ու թշնամական Ադրբեջանի ղեկավար Ալիևը դա արեցին ուղիղ տեսակապի միջոցով, Փաշինյանը «էկրաններին չերևաց», բայց ստորագրեց…
Շատ ու շատ բաներ կարելի է հիշեցնել, բայց ի՞նչ ունենք այսօր՝ վեց տարի անց:
Սկսենք վերջից. ունենք վերոհիշյալ հրադադարի եռակողմ հայտարարության բովանդակային զրոյացում՝ չնայած կողմերից ոչ մեկը այն պաշտոնապես չեղյալ չի հայտարարել:
Բացի այդ, արդեն վեց տարի ունենք շարունակվող անբնական վիճակ, երբ երկիրը կառավարում է ուժ (գործիչ), որը երկրին ու ժողովրդին բերել է ծանր պարտություն, մարդկային ու տարածքային ահավոր կորուստներ: Ըստ որում, առկա բազմաթիվ խնդիրներ բխում են հենց այդ անբնական իրողությունից, երբ շարունակում է իշխանության մնալ խայտառակ պարտության թիվ 1 պատասխանատուն:
Պատերազմում հաստատված հրադադարից հետո ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի մակարդակով Արցախի պաշտոնական ուրացում, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչել և, որպես դրա ուղիղ հետևանք, հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախի ամբողջական հայաթափում՝ թշնամու կողմից ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո: Եվ ունենք տակավին անտուն մնացած, վարձով պատսպարվող արցախցի հայրենակիցներ: «Ունենք» նաև բուն ՀՀ տարածքից կորուստներ: Ունենք Բաքվի բանտերում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն: Ունենք չդադարող ու իշխանական խոսափողներից հնչող սնամեջ խոսակցություններ՝ «խաղաղություն խնամելու» մասին: Ունենք թշնամու կողմից անընդհատ լրացվող նախապայմաններ ու պահանջներ և հայկական կողմի՝ դրանք կատարելու, անընդհատ զիջելու մշտական պատրաստակամություն: Ունենք «Արցախի հիմնախնդրի փակման» մասին Փաշինյանի հայտարարությունները, Ադրբեջանի պահանջով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմումն ու դրա կատարումը: Ունենք հանիրավի կալանավորված ընդդիմադիր լիդերներ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ:
Փոխարենը չունենք «խաղաղության պայմանագիր», չունենք հնարավոր խաղաղության որևէ երաշխավոր: Չունենք ռազմաքաղաքական ամրություն: Չունենք համախմբված հանրություն: Չունենք կայուն և զարգացող իրական տնտեսություն: Չունենք քաղաքական կայունություն: Չունենք դաշնակիցներ: Չունենք որևէ վստահություն՝ վաղվա օրվա նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում