Պահանջում ենք հրապարակային պատասխան՝ ի՞նչ կոնկրետ քայլեր եք ձեռնարկում. Արցախի հանրային խորհուրդը դիմել է Կառավարությանը

Պահանջում ենք հրապարակային պատասխան՝ ի՞նչ կոնկրետ քայլեր եք ձեռնարկում. Արցախի հանրային խորհուրդը դիմել է Կառավարությանը

Արցախի հանրային խորհուրդը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ տարելիցի կապակցությամբ։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության վեցերորդ տարելիցին Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը պահանջում է ՀՀ կառավարությունից՝ հստակեցնել և հրապարակայնորեն ներկայացնել իր հանձնառությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց ծանր պարտության պայմաններում, որի համար քաղաքական պատասխանատվություն է կրում Հայաստանի գործող իշխանությունը։ Այդ փաստաթուղթը նախատեսում էր նաև տեղահանված անձանց ու փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողությամբ։ Հետևաբար Արցախի տեղահանված հայ բնակչության վերադարձը ևս այդ հայտարարությամբ նախատեսված գործընթացի մաս էր։ Հայտարարությունն ամրագրում էր նաև ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց փոխանակումը և Հայաստանի ու Արցախի միջև անվտանգ հաղորդակցությունը։

Վեց տարի անց Արցախը հայաթափված է, Ադրբեջանում շարունակում են պահվել հայ գերիներ, իսկ հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը վտանգված է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության այս դրույթները չեն ապահովել այն մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, որոնց վերաբերում էին։ Դրանց չկատարումը չի կարող արդարացում դառնալ այդ պահանջները քաղաքական օրակարգից դուրս թողնելու համար։

ՀՀ կառավարությունն իրավունք չունի նոյեմբերի 9-ի հայտարարությունը համարելու անցած փուլ՝ անտեսելով վերադարձի և գերիների ազատման չլուծված հարցերը։

Պահանջում ենք՝ Արցախի հայերի կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձը, Ադրբեջանում պահվող բոլոր հայերի ազատ արձակումն ու վերադարձը և Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի պարտադիր օրակարգ և համաձայնագրի ստորագրման ու վավերացման պայմաններ՝ դրանց իրականացման հստակ միջազգային երաշխիքներով։

Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը չի կարող փոխարինել այս հարցերի լուծմանը։ Առանց այդ երաշխիքների միջպետական դատական պահանջներից հրաժարվելը մենք կգնահատենք որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջոցներից հրաժարում։

Պահանջում ենք հրապարակային պատասխան՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում կառավարությունն այս երեք ուղղությամբ, և ի՞նչ արդյունքներ է պահանջում Ադրբեջանից՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից առաջ։ Այս հարցերի շուրջ որոշումները պետք է ընդունվեն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։

Պահանջում ենք սույն դիմումին տրամադրել գրավոր պատասխան՝ ներկայացնելով կառավարության դիրքորոշումն ու նախատեսվող կոնկրետ քայլերը։

Նոյեմբերի 9-ի տարելիցը միայն պարտությունը հիշելու օր չէ։ Այն նաև չկատարված պարտավորությունների և դրանց համար պատասխանատվություն պահանջելու օր է։ Մեր ժողովրդի վերադարձի իրավունքը, մեր հայրենակիցների ազատությունը և մեր ժառանգության պահպանությունը չեն կարող դուրս մնալ խաղաղությունից»։

Leave a comment