Քաղաքականություն
09.11.2026 | 16:57
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է Քաջարանի թունելի շինարարությանը, TRIPP նախագծին, երկաթուղու զարգացման հեռանկարներին, ռուսական գազի գնին և Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցին։
Խուդաթյանի խոսքով՝ Քաջարանի թունելի շինարարական աշխատանքներում ներգրավված են իրանական կապալառու ընկերություններ։ Նախարարը նշել է, որ թեմայի շուրջ կարճ հանդիպում է ունեցել Իրանի փոխնախագահի հետ և այցելել շինհրապարակ։
Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Խուդաթյանն ասել է, որ 2027 թվականի պետական բյուջեում դրա ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ոչ թե բյուջետավորման ստանդարտ մեխանիզմով, այլ հատուկ զարգացման ընկերության միջոցով։ Նրա խոսքով՝ արդեն սկսվել են նաև ենթակառուցվածքների որոշ նախագծերի ձեռքբերման աշխատանքները։
Վերջին շրջանում հաճախակի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ նախարարը վստահեցրել է, որ վթարների մեծ մասի վայրերում ճանապարհները պատշաճ գծանշված և կահավորված են եղել։ Նա նաև նշել է, որ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր վթարի մեքենան Հայաստանում հաշվառված չի եղել։ Խուդաթյանի խոսքով՝ խստացվել է տեխզննման կայանների նկատմամբ վերահսկողությունը, և 2026 թվականին լիցենզիայից զրկված կայանների թիվն աննախադեպ է։ Նախատեսվում է նաև լուսավորել Երևան–Սևան և Սևան–Դիլիջան ճանապարհահատվածները։
Երկաթուղու զարգացման հարցով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է երթուղու զարգացման, նոր շարժակազմերի ձեռքբերման և կոնցեսիոն կառավարման հնարավորությունները։ Իսկ ռուսական կողմից ամռանը ստացված՝ գազի գնին և չմշակված ոսկուն վերաբերող նամակի վերաբերյալ Խուդաթյանը հաստատել է, որ հայկական կողմը սահմանված կարգով պատասխանել է դրան։ Միաժամանակ նա հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ նշելով, որ գազի սակագնի հարցը նախարարության համակարգման տիրույթում չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան