Տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է․ Ավինյանը պարզաբանում է

Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրանսպորտի գնին


ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացում այս տարի չի նախատեսվում, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով տրանսպորտի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցին։

«Տրանսպորտի գինը, ինչպես նախկինում նշել եմ, կարող է բարձրանալ ընդամենը տարեկան 10 դրամով։ Խոսքը մեկանգամյա ուղևորափոխադրման մասին է, բայց այս տարվա համար մենք նման բարձրացում չենք նախատեսում», – ասել է Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։


Երևանում հասարակական տրանսպորտի մեկանգամյա ուղևորության արժեքը 100 դրամից բարձրացվել է մինչև 150 դրամ 2025 թվականի փետրվարի 1-ից՝ միասնական տոմսային համակարգի ներդրման շրջանակում։ Թանկացումը կազմել է 50 դրամ կամ 50%։


Նոր համակարգով ներդրվել են նաև ժամային, օրական և երկարաժամկետ տոմսային փաթեթներ՝ տարբեր հաճախականությամբ տրանսպորտից օգտվող ուղևորների համար։


Նախկինում ավտոբուսով և մետրոյով մեկ ուղևորությունն արժեր 100 դրամ, իսկ տրոլեյբուսով՝ 50 դրամ։ Նոր՝ 150 դրամ սակագինը Երևանի ավագանին հաստատել է 2025 թվականի հունվարի 31-ին։ Մեկանգամյա տոմսը հնարավոր է օգտագործել ձեռքբերման պահից երեք օրվա ընթացքում։


Leave a comment