Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 31-րդ համաժողովը (COP31) նոյեմբերի 9-ին մեկնարկել է Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Թուրքիան և Ավստրալիան կոչ են արել արագացնել կլիմայական պարտավորությունների իրականացումը, ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները և աջակցել գլոբալ տաքացման հետևանքներից առավել խոցելի երկրներին, գրում է Daily Sabah-ը։

COP31-ի նախագահ Մուրաթ Քուրումը կոչ է արել համաժողովը դարձնել «Իրականացման COP»՝ կլիմայական խոստումները վերածելով կոնկրետ արդյունքների։ Նա Թուրքիայի նախագահության երեք հիմնական սկզբունք է առանձնացրել՝ «Երկխոսություն, համաձայնություն, գործողություն»։ Քուրումն ընդգծել է, որ կլիմայական քաղաքականությունը պետք է շոշափելի արդյունքներ ապահովի պարենային և էներգետիկ անվտանգության, տնտեսական զարգացման, առողջապահության և այլ ոլորտներում։

Ավստրալիայի կլիմայի փոփոխության և էներգետիկայի նախարար, COP31-ի բանակցությունների նախագահ Քրիս Բոուենը նախազգուշացրել է, որ աշխարհը շարունակում է շարժվել գլոբալ տաքացումը 1,5°C-ով սահմանափակելու՝ Փարիզի համաձայնագրով սահմանված շեմը գերազանցելու ուղղությամբ։ Նա կարևորել է միջազգային համագործակցությունն ու խոցելի երկրներին, հատկապես Խաղաղ օվկիանոսի կղզի պետություններին աջակցությունը։

Համաժողովի առանցքային հարցերից է կլիմայական ֆինանսավորումը։ Բաքվում կայացած COP29-ի համաձայնությամբ՝ զարգացած երկրները պետք է առաջատար դեր ստանձնեն՝ մինչև 2035 թվականը զարգացող երկրների համար տարեկան առնվազն 300 մլրդ դոլարի ֆինանսավորում մոբիլիզացնելու գործում։ Միաժամանակ նպատակ է սահմանվել բոլոր աղբյուրներից կլիմայական ֆինանսավորման ընդհանուր ծավալը հասցնել տարեկան 1,3 տրլն դոլարի։

Թուրքիան նաև առաջ է մղում «35-ը մինչև 35» նախաձեռնությունը, որի նպատակն է մինչև 2035 թվականը համաշխարհային էներգիայի վերջնական սպառման մեջ էլեկտրաէներգիայի մասնաբաժինը հասցնել 35 տոկոսի։

Բոուենի տեղեկացմամբ՝ համաժողովի օրակարգում ընդգրկված է ավելի քան 160 հարց և բանակցությունների շուրջ 60 բովանդակային մանդատ։

Նոյեմբերի 11-12-ին Անթալիայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ, կանցկացվի առաջնորդների գագաթնաժողովը։ Ակնկալվում է 95 երկրների և 7 միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությունը։ Մասնակիցների թվում են 37 պետությունների և 35 կառավարությունների ղեկավարներ։

Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment