Մեդիաոլորտի միջազգային զարգացումները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացնում է միջազգային մեդիա լրահոսի առանցքային իրադարձությունների, կարգավորող մարմինների որոշումների և ոլորտային վերջին զարգացումների ամփոփ տեսությունը․

Ֆրանսիայում առաջարկվում է վերացնել YouTube-ի գովազդային եկամուտների հարկային արտոնությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովը 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում հավանություն է տվել երկու փոփոխության։ Առաջինը նախատեսում է վերացնել անվճար տեսանյութերի հարթակների՝ այդ թվում YouTube-ի, գովազդային եկամուտների հարկման 66 տոկոսանոց արտոնությունը։ Մինչ այժմ այդ հարթակների գովազդային եկամուտների միայն 34%-ն էր ներառվում հարկման բազայում։ Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է երեք տարով ազատել հարկից հեռուստաալիքներին պատկանող այն առցանց հարթակները, որոնք հիմնականում տարածում են սեփական բովանդակությունը։ Պատգամավորները փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել են հեռուստաալիքների և թվային հարթակների միջև մրցակցային պայմանների անհավասարությամբ։

https://www.advanced-television.com/2026/11/02/france-youtube-tax-rebate-cancelled/

«TV Găgăuzia»-ն ստացել է հանրային նախազգուշացում՝ հաղորդավարի անաչառության և հավասարակշռվածության խախտումների համար

Մոլդովայի Տեսալսողական խորհուրդը բավարարել է Անկախ մամուլի ասոցիացիայի (API) բողոքը՝ կապված Գագաուզիայի հանրային տարածաշրջանային հեռուստաընկերության՝ TV Găgăuzia-ի «Диалог в студии» հաղորդման հետ։ Հեռուստաընկերությունը ստացել է հանրային նախազգուշացում՝ տեղեկատվական-վերլուծական հաղորդումների վարողների անաչառության, անկողմնակալության և հավասարակշռված մոտեցման պահանջները չպահպանելու համար։ Բողոքը վերաբերել է Գագաուզիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր և «Գագաուզիայի ժողովրդական կուսակցության» նախագահ Նիկոլայ Դուդոգլուի մասնակցությամբ հաղորդմանը։ API-ի պնդմամբ՝ հաղորդման վարողը հյուրին հնարավորություն է տվել միակողմանի ներկայացնել իր և իր կուսակցության դիրքորոշումները՝ առանց վիճահարույց հայտարարություններին պատշաճ արձագանքելու կամ դրանք ճշտելու։ Մոլդովայի Տեսալսողական խորհրդի մոնիթորինգը արձանագրել է, որ հաղորդման ընթացքում առկա թերությունները հիմնականում կապված էին վարողի մասնագիտական աշխատանքի հետ։ Մասնավորապես, վարողը որոշ դեպքերում չի արձագանքել հյուրի ներկայացրած ոչ բավարար հստակ և չհիմնավորված պնդումներին։ Առանձնացվել է նաև ռումիներենի իմացության պահանջի վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում հյուրի այն հայտարարությունը, թե լեզվի պահանջը սահմանվել է որոշ թեկնածուների ճանապարհը փակելու նպատակով, մնացել է առանց վարողի հակադարձման կամ պարզաբանման։ Խորհուրդը գնահատել է, որ այդ հանգամանքը կարող էր տպավորություն ստեղծել, թե հաղորդման խմբագրությունը կիսում է հյուրի տեսակետը։

https://consiliuaudiovizual.md/news/tv-gagauzia-sanctionata-cu-avertizare-publica-pentru-carente-de-impartialitate-si-echilibru-in-cadrul-unei-emisiuni-informativ-analitice/

Իսպանիայում թվային եթերային հեռուստատեսության արդիականացումը բերում է 4K հեռարձակում և նոր ալիք

Իսպանիան նոյեմբերի 5-ից սկսում է թվային եթերային հեռուստատեսության (DTT) արդիականացման առաջին փուլը՝ անցում կատարելով DVB-T2 հեռարձակման տեխնոլոգիային։ Առանցքային փոփոխությունները՝ · RTVE-ն գործարկում է La 2 UHD հեռուստաալիքը, իսկ Atresmedia-ն և Mediaset España-ն՝ Antena 3 UHD և Telecinco UHD ալիքները։ · Գործարկվում է La Séptima ազգային անվճար հեռուստաալիքը, որը նախատեսում է հեռարձակել լրատվական, քաղաքական քննարկումների և վերլուծական հաղորդումներ։ · Հինգ հեռուստաալիք՝ Clan, DKISS, Atreseries, Be Mad և Boing, փոխում են հեռարձակման հաճախականությունները։ · RTVE-ն ներկայացնում է RNE Accesible նախաձեռնությունը՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար ենթագրերի և ժեստերի լեզվի կիրառմամբ։

https://www.advanced-television.com/2026/11/04/spain-dtt-shake-up-brings-4k-and-new-channel/

Գագաուզիայի ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ. «Moldova 1»-ը տուգանվել է 5000 լեյով

Մոլդովայի տեսալսողական խորհուրդը հրապարակել է Գագաուզիայի Ժողովրդական ժողովի և Գագաուզիայի ինքնավարության ղեկավարի ընտրությունների լուսաբանման մոնիթորինգի երկրորդ զեկույցը՝ 2026թ. հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։ Մոնիթորինգի արդյունքներով՝ «Moldova 1» հեռուստաընկերությունը տուգանվել է 5000 մոլդովական լեյով (մոտ 100 հազար դրամ)՝ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների լուսաբանման կանոնակարգի պահանջները կրկնակի խախտելու համար։ Զեկույցում արձանագրվել են նաև հետևյալ խնդիրները․ · «TV-Găgăuzia»-ն ապահովել է ընտրարշավի առավել լայն լուսաբանումը՝ հեռարձակելով 14 ընտրական թեմայով նյութ։ · «TV8»-ը և «unu1 TV»-ն մոնիթորինգի ժամանակահատվածում լրատվական հաղորդումներում ընտրական թեմաներով նյութեր չեն հեռարձակել։ · «unu1 TV»-ի՝ որպես ընտրական տեղեկատվական հաղորդումներ ներկայացված 14 հաղորդումներից միայն երկուսն են ունեցել անմիջական ընտրական բովանդակություն։ · Որոշ հեռուստաընկերություններում արձանագրվել է գենդերային անհավասարակշռություն․ մասնավորապես, «PRO TV Chișinău»-ի մոնիթորինգի ենթարկված նյութերում ներկայացված են եղել բացառապես տղամարդիկ։ · «TV-Găgăuzia»-ն կազմակերպել է 15 ընտրական բանավեճ՝ հրավիրելով 48 թեկնածուի, որոնցից 13-ը մասնակցել են։

https://consiliuaudiovizual.md/news/al-doilea-raport-privind-mediatizarea-alegerilor-din-utag-serviciul-public-moldova-1-amendat-cu-5-000-de-lei-pentru-delimitarea-necorespunzatoare-a-unei-rubrici-electorale/

Channel 4-ը դադարեցնում է «Married at First Sight» շոուի հեռարձակումը

Մեծ Բրիտանական Channel 4 հեռուստաընկերությունը որոշել է դադարեցնել Married at First Sight ռեալիթի շոուի արտադրությունը և հեռարձակումը՝ մասնակիցների անվտանգության և նրանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Անկախ ուսումնասիրությունները չեն արձանագրել Ofcom-ի հեռարձակման կանոնակարգի խախտումներ, սակայն բացահայտել են մասնակիցների պաշտպանության մեխանիզմների կիրառման որոշ թերություններ։ Հեռարձակողը որոշել է, որ անհրաժեշտ փոփոխությունները պահանջում են հաղորդման ձևաչափի և խմբագրական հայեցակարգի էական վերանայում։

https://www.advanced-television.com/2026/11/05/channel-4-axes-married-at-first-sight/

Leave a comment