Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյան. «Իշխանությունները հավատացյալներին զրկել են Վեհափառ Հայրապետի հետ տոնը կիսելու հնարավորությունից»

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը խիստ քննադատությամբ է հանդես եկել Հայաստանի իշխանությունների հասցեին՝ հայտարարելով, որ նրանց գործողությունների հետևանքով հավատացյալները զրկվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության 27-րդ տարեդարձի միջոցառումների ուրախությունը կիսելու հնարավորությունից։  

Սրբազանի խոսքով՝ եկեղեցու նկատմամբ վարվող հալածանքների քաղաքականության պատճառով Վեհափառ Հայրապետը չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը և հավատացյալներին փոխանցել Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական պատգամը։ Արքեպիսկոպոսը նշել է, որ իշխանություններն ապօրինի և անհիմն մեղադրանքներով փորձում են խոչընդոտել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայաստանի սահմաններից դուրս գալուն և աշխարհասփյուռ հայությանը այցելելուն։  

Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ Եզրաս արքեպիսկոպոսն ընդգծել է, որ եկեղեցու դեմ ուղղված բոլոր խոչընդոտներն ու փորձությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Նա շեշտել է, որ ժամանակներն ու իշխանավորները փոխվում են, մինչդեռ Եկեղեցին շարունակում է անխեղդ մնալ իր առաքելության մեջ՝ համախմբելով հավատացյալներին Աստծո խոսքի շուրջ։  

Ամփոփելով խոսքը՝ թեմի առաջնորդը կոչ է արել վերահաստատել հավատարմության ուխտը Հայրենիքին, Սուրբ Եկեղեցուն և նախնիների սրբազան ժառանգությանը՝ միաժամանակ հորդորելով աղոթել Գարեգին Երկրորդի համար և զորակցություն հայտնել նրա հայրապետական ծառայությանը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment