Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը. Մեծ պահքն է սկսվում

Բաժանորդագրվել

Բուն Բարեկենդանը նշվում է Մեծ Պահքին նախորդող օրը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդան տոնը, որը նախորդում է Մեծ Պահքին։ Բարեկենդանը ուրախության և զվարճանքի տոն է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:

Այսօր ընդունված է փախլավա բաժանել, յուղ ու բրնձով պատրաստած փլավ ուտել և հիմնականում էլի ոչ մսային կերակուրներ` քաղցր ու յուղոտ գաթաներ ճաշակել։

Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից ու կերուխումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր, և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:

Բարեկենդանի ժամանակ ժողովուրդը ծաղրում էր վատ թագավորներին, դատավորներին, նաև կեղծ հարսանիք էին կազմակերպում` տղային հագցնում էին աղջկա շորեր, աղջկան` տղայի շորեր, ու պսակում էին իրար հետ։ Այսինքն` սուտը, կեղծիքը ցուցադրելով` ժողովրդին քարոզում էին 49-օրյա ապաշխարանքի ընթացքում փորձել ճիշտ ապրել։

Իսկ արդեն կեսգիշերին գալիս էր Պաս պապին կամ Ակլատիզը և ազդարարում Մեծ պահքի սկիզբը, որը ձգվում էր 49 օր։ Այս շաբաթներին քրիստոնյաներն իրենց նվիրում էին Աստծուն, ապաշխարում։

Ըստ ավանդույթի` Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Պաս պապը` արական տիրապետության և Պաս օրերի շրջանը:

Leave a comment