Ինչ է անհրաժեշտ հաճախորդներին, նախքան նրանք ձեզ կվստահեն պատասխանատու աշխատանքը

Գաղտնիության պահպանումն էական նշանակություն ունի: Առանց պատշաճ պաշտպանության՝ անձնական կամ բիզնեսի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը կարող է հանրային դառնալ, գրում է Entrepreneur-ը։ Կիբեռանվտանգության գործիքներն ու գործնական պաշտպանական միջոցները վճռորոշ են գաղտնի տվյալների պաշտպանության համար: Ի՞նչ երաշխիքներ են անհրաժեշտ ձեր հաճախորդներին, նախքան նրանք ձեզ կվստահեն պատասխանատու և գաղտնի աշխատանքը:

Ցանկացած ընկերություն ձգտում է վստահություն ձեռք բերել: Ամուր համբավ կառուցելը տարիներ է պահանջում, սակայն տվյալների արտահոսքը կամ աշխատակցի սխալը կարող են ակնթարթորեն փչացնել այն:

Ինչու է դժվար բարձր համբավ ձեռք բերելը

Բիզնես պլանները կազմվում են մանրակրկիտ մանրամասներով, թե ինչպես է մատուցվելու ապրանքը կամ ծառայությունը: Հանգամանալից քննարկվում են առանձնահատկություններն ու առավելությունները, ինչպես նաև շահույթի կանխատեսումները: Այնուամենայնիվ, քիչ բիզնես առաջարկներում է անդրադարձ կատարվում ընկերության համբավի ձևավորմանն ու պաշտպանությանը: Ինչո՞ւ. որովհետև ձեռնարկատերերը ենթադրում են, որ եթե ապահովեն որակյալ ապրանք կամ ծառայություն, սպառողի վստահությունն ինքնստինքյան կհաջորդի դրան:

Երբ հիմնադրեցի իմ տրանսկրիպցիոն (ձայնագրությունների վերծանման) ընկերությունը, արագ հասկացա, որ գաղտնի տվյալների պաշտպանությունը լինելու է մեր առաջնահերթությունը: Մեր ծառայությունը սովորական գործարք չէ․ հաճախորդները մեզ են վստահում աուդիո կամ տեսանյութեր, որոնք պարունակում են գաղտնի տեղեկատվություն: Անկախ նրանից՝ նյութը նախատեսված է սահմանափակ լսարանի, թե հանրային հրապարակման համար, մենք պաշտպանում ենք յուրաքանչյուր ֆայլ այնպես, կարծես այն գաղտնի է:

Գաղտնի տվյալների հետ աշխատանքը պահանջում է պաշտպանական միջոցներ ինչպես ընկերության ներսում, այնպես էլ դրանից դուրս: Ընկերությունները հաճախ նոր աշխատակիցներից պահանջում են ստորագրել չհրապարակման համաձայնագրեր (NDA), սակայն համբավը դեռ կարող է տուժել, եթե աշխատակիցները խախտեն այդ համաձայնագրերն ու կիսվեն գաղտնի տեղեկատվությամբ:

Վերջին նորությունները հայտնում են օտարերկրյա քաղաքացու դեմ ներկայացված մեղադրանքների մասին, ով կասկածվում է կորպորատիվ քննարկումների դահլիճում գաղտնալսող սարքեր տեղադրելու մեջ: Այս դեպքը վերաբերում է խոշոր AI ընկերությունում գաղտնի տեղեկատվության ապօրինի ձայնագրմանը, որը պատրաստվում էր դուրս գալ բաց բաժնետիրական շուկա (IPO): Ինչպես ղեկավարները, այնպես էլ ապագա բաժնետերերը վստահության կարիք ունեն, որ գաղտնի տեղեկատվությունը կմնա ապահով:

Վստահելիության ձևավորումը պետք է լինի առաջնահերթություն

Հաճախորդներին անհրաժեշտ է երաշխիք, որ իրենց տեղեկատվությունը պաշտպանված է լինելու: Թեև որոշ բիզնեսներ դեռ ընդունում են կանխիկ վճարումներ, մեծ մասը հիմնվում է էլեկտրոնային վճարումների վրա, և հաճախորդները ակնկալում են, որ վստահելի մատակարարները ապահով կմշակեն իրենց տվյալները:

Նույնը վերաբերում է տրանսկրիպցիային: Ֆայլերի ապահով վերբեռնումն ու փոխանցումը կենսական նշանակություն ունեն: Ես հաճախ եմ հիշեցնում հաճախորդներին չուղարկել ֆայլերն էլեկտրոնային փոստով: Իրավաբանական և բժշկական հաճախորդների համար կատարվող աշխատանքը պետք է համապատասխանի CJIS և HIPAA պահանջներին՝ գաղտնի տվյալները պաշտպանելու համար: Անվտանգության ցանկացած խախտում վնաս կհասցնի մեր համբավին:

Այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են իրավաբանությունը, բժշկությունը և տեխնոլոգիաները, պետք է պաշտպանեն գաղտնի տվյալները, սակայն յուրաքանչյուր բիզնես պետք է առաջնահերթություն տա հաճախորդների տվյալների պաշտպանությանը: Տեղեկատվության պահպանումը՝ բանկային քարտերի գործարքներից մինչև բժշկական պատմություններ, հավասարապես կարևոր է բոլոր ոլորտներում:

Անկախ ձեր ոլորտից՝ հավաստիացրեք սպառողներին և հաճախորդներին, որ գաղտնի տվյալների պաշտպանությունը գերակա առաջնահերթություն է: Ահա հաճախորդների տվյալների պաշտպանության կարևորությունը ընդգծելու մի քանի եղանակ.

  • Ձեր կայքում առանձնացրեք էջ, որտեղ ներկայացված են անվտանգության համակարգերը:

  • Գրեք բլոգի հոդված և բերեք օրինակներ, թե ինչպես հաճախորդները կարող են ապահով փոխանցել տեղեկատվությունը:

  • Համոզվեք, որ վաճառքի և մարքեթինգի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թիմերը շեշտը դնում են անվտանգության վրա:

  • Խնդրեք ձեր PR/մարքեթինգային թիմին կամ գործակալությանը լուսաբանել անվտանգության առանձնահատկությունները:

Ինչու են հաճախորդները կորցնում վստահությունը

Հաճախորդները կորցնում են վստահությունը ընկերությունների նկատմամբ տարբեր պատճառներով: Հաճախ ընկերությունները չեն գիտակցում այս վստահության կորուստը, քանի դեռ վաճառքները չեն նվազել կամ բողոքներն ավելացել, ինչն ավելի է դժվարացնում իրավիճակի շտկումը: Վստահության կորստի հիմնական պատճառներն են.

  • Մոլորեցնող մարքեթինգային պնդումները․ խոստումները չկատարելը

  • Էթիկական նորմերի անկումը

  • Թափանցիկության պակասը

  • Սպառողների տեղեկատվության/տվյալների չարաշահումը կամ արտահոսքը

Ցավոք, շատ հաճախորդներ թերահավատորեն են մոտենում մարքեթինգային պնդումներին, քանի որ ապրանքները կամ ծառայությունները երբեմն չեն համապատասխանում ակնկալիքներին: Երբ դա տեղի է ունենում, հաճախորդները լրացուցիչ ծախսեր են կրում խնդիրները լուծելու համար, իսկ ընկերությունները կորցնում են եկամուտը՝ փոխարինման կամ լրացուցիչ սպասարկման պատճառով:

Էթիկական անկումը մեկ այլ մտահոգություն է: Հաճախորդները հիասթափվում են, երբ ընկերությունները չեն կատարում իրենց խոստումները, ինչը ընդգծում է հետևողական և ազնիվ հաղորդակցության կարևորությունը:

Ծառայությունների պարտավորությունները քննարկելիս ես ձգտում եմ հստակության գրավոր, էլեկտրոնային նամակների և հեռախոսազանգերի միջոցով: Այնուամենայնիվ, հաճախորդները երբեմն կարող են անտեսել կամ սխալ հասկանալ ծառայության մանրամասները՝ չլսելով կամ չկարդալով պայմանները: Էլեկտրոնային փոստով հետևողական լինելն ու տեղեկատվությունը հաստատելը օգնում է պաշտպանել երկու կողմերին էլ:

Հաճախորդների գաղտնիությունը մեկ այլ կարևորագույն հարց է: Տվյալների արտահոսքը շարունակում է մնալ հսկայական մտահոգություն: Միջին հաշվով, ոլորտային զեկույցները պնդում են, որ քավության ծրագրերով (ransomware) հարձակումը ընկերությունների վրա նվազագույնը մոտ 50,000 դոլար է նստում: Ես համաձայն չեմ այդ թվի հետ, քանի որ կարծում եմ, որ ոչ նյութական վնասներն ավելի բարձր են:

Տվյալների արտահոսքի ամենամեծ վնասը համբավին հասցված հարվածն է: Թեև փրկագնի վճարումները և IT ծախսերը հեշտ է հաշվարկել, երկարաժամկետ հեղինակության վրա ազդեցությունը կարող է արժենալ միլիոնավոր դոլարներ՝ մի քանի տարվա ընթացքում:

Տվյալների արտահոսքի ռիսկի նվազեցումը պետք է լինի յուրաքանչյուր ընկերության առաջնահերթությունը: Այդ պատճառով իմ ընկերությունում աշխատում են միայն ԱՄՆ-ում բնակվող անձինք, ովքեր անցնում են դատվածության համապարփակ ստուգում:

Գաղտնի տեղեկատվություն ստացող շատ հաքերներ և խարդախներ գործում են արտերկրից: Ես հաճախ զարմանում եմ, երբ մեր մրցակիցները արտասահմանյան կապալառուների են օգտագործում ֆայլերը վերծանելու համար: Հաճախորդները պետք է իմանան, թե ով կարող է մուտք գործել իրենց տվյալներին և որտեղ են գտնվում այդ անձինք:

Ունե՞ք տվյալների արտահոսքի դեպքում գործողությունների ծրագիր

Յուրաքանչյուր ընկերություն, անկախ չափից, պետք է ունենա տվյալների արտահոսքի դեպքում գործողությունների արդիական ծրագիր: Հաքերները հաճախ թիրախավորում են փոքր բիզնեսները՝ որպես մուտքի կետ դեպի ավելի մեծ ցանցեր: Ես առաջարկում եմ վեց քայլից բաղկացած ծրագիր.

1. Նախապատրաստում. Ունե՞ք արդյոք անհրաժեշտ գործիքների հասանելիություն:

2. Հայտնաբերում. Հարձակման էության գիտակցում և ըմբռնում:

3. Դասակարգում. Ի՞նչ տեսակի հարձակման հետ գործ ունեք:

4. Ուղու հետագծում. Որտե՞ղ է հարձակման աղբյուրը, և ինչպե՞ս է այն ազդում ցանցի վրա:

5. Արձագանք. Ձեր հնարավորությունների և տարբերակների ըմբռնում:

Տվյալների արտահոսքի համապարփակ ծրագրի մշակումը պահանջում է մասնագիտացված փորձառություն: Այնուամենայնիվ, ես գիտակցում եմ տվյալների անվտանգության կարևորությունը և լայնածավալ միջոցներ եմ ձեռնարկում պաշտպանելու այն գաղտնի տեղեկատվությունը, որը հաճախորդները վստահում են մեզ: Ի վերջո, բոլոր տվյալներն էլ կարևոր են ձեր հաճախորդների և սպառողների համար:

Ինչ է տեղի ունենում, երբ սխալ եք թույլ տալիս

Անկախ պատճառից՝ էական է, թե ինչպես է ձեր ընկերությունը արձագանքում ձախողմանը: Սխալներ լինում են, և նույնիսկ ամենապարտաճանաչ աշխատակիցները կամ ընկերությունները կարող են «վրիպել»:

Երբ սխալներ են թույլ տրվում, թափանցիկությունը վճռորոշ է: Եղեք ազնիվ և ընդունեք ձեր սխալները: Նույնիսկ ամենազայրացած հաճախորդը կարող է մեղմացնել իր դիրքորոշումը, երբ ընկերությունն ընդունում է իր սխալները:

Վերջերս ես ճաշում էի մի ռեստորանում, որն ուներ բարձր վարկանիշ իր սննդի և սպասարկման համար: Այնուամենայնիվ, չորս և հինգ աստղանի ակնարկները շատ բան չեն նշանակում, երբ ձեր փորձառությունը ձախողվում է: Ռեստորան մտնելու պահից ոչ մի բան հարթ չընթացավ:

Նախ՝ հյուրընկալը (host) չկարողացավ գտնել իմ ամրագրումը, նույնիսկ այն բանից հետո, երբ ես տրամադրեցի հաստատման համարը: Նստելուց հետո մենք 10 րոպե սպասեցինք մեր մատուցողին: Գործընթացն արագացնելու համար մենք պատվիրեցինք բոլոր ուտեստները միանգամից, և մատուցողը վստահեցրեց, որ պատշաճ կերպով կբաշխի մատուցման ժամանակը:

Չնայած այս ջանքերին՝ ընթրիքի ընթացքը չբարելավվեց: Երբ մատուցողը նկատեց իմ հիասթափությունը, նա կանչեց մենեջերին, և երկուսն էլ ներողություն խնդրեցին: Մենեջերը փոխհատուցեց մեր ընթրիքի ծախսը (comped), առաջարկեց բարձրորակ գինու շիշ և ինձ տվեց 100 դոլարի նվեր-քարտ: Այս արձագանքը փոխեց իմ տպավորությունը, և երբ հաջորդ շաբաթ վերադարձա, մենեջերն անձամբ շնորհակալություն հայտնեց ինձ՝ իրենց ևս մեկ շանս տալու համար:

Հասկանալ երկրորդականն ու առաջնայինը

Ռեստորանում հիասթափեցնող փորձառությունը փոքր բան է՝ համեմատած բազմամիլիոնանոց սխալի կամ տվյալների արտահոսքի հետ: Այնուամենայնիվ, արձագանգման հիմնարար պահանջները մնում են նույնը:

Թափանցիկությունն ու ազնվությունն էական են, սակայն հաճախորդները ընկերություններին երկրորդ շանս կտան միայն այն դեպքում, եթե հավատան, որ նրանց սխալները կարող են և կուղղվեն: Եվ ամենակարևորը՝ հաճախորդները ցանկանում են զգալ, որ ձեր ընկերությունն իսկապես հոգ է տանում իրենց մասին:

Leave a comment