Հայաստանը պետք է ոչ թե ապրի պատերազմի սպասումով և հզորանալու անվան տակ թշնամիների հետ հնարավոր բախման պատրաստվի, այլ այնպես անի, որ պատերազմի առիթ չլինի։ Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին։
Հարց տվող քաղաքացու խոսքով՝ Հայաստանը նախ պետք է հզորանա և ուժեղանա, ապա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ առաջ քաշի։ Նրա խոսքով՝ ուժեղ պետության հետ թշնամին հավասարը հավասարի հետ կնստի բանակցությունների։
Սիմոնյանը հակադարձեց՝ նշելով, որ նման մտածելակերպն է Հայաստանը հասցրել ներկայիս վիճակին։
«Ձեր ասած մտածելակերպով մենք շարժվել ենք, և այդ մտածելակերպը բերել է հենց ձեր ասած՝ մի բուռ Հայաստանի։ Իսկ ինչի՞ մենք պետք է այդ տրամաբանության մեջ լինենք»,- ասաց նա։ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի բանակը պետք է այնպիսի կարողություններ ունենա, որ երկրի վրա հարձակումը հակառակորդի համար չափազանց ցավոտ լինի, սակայն ինքն անվտանգության գլխավոր երաշխիքը համարում է պատերազմից խուսափելը։
«Ես չեմ հավատում, որ նման հաշվարկ աշխատելու է։ Ես համարում եմ, որ մենք պետք է այնպիսի բանակ ունենանք, որ հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա այնքան ցավոտ լինի, որ դրա կարիքը չլինի։ Իսկ ավելի խորանալով՝ ես կարծում եմ, որ պետք է առիթ չլինի մեր մեջ կռվելու։ Իսկ ինչի՞ մենք պետք է թուրքերի հետ պատերազմենք»,- ասաց Սիմոնյանը։
Նա նաև նշեց, որ Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում Հայաստանը չի հասցնի նախապես հզորանալ և պատրաստվել։ «Իրենք եթե ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, մենք որևիցե բան չենք հասցնի անենք։ Այդ խաբկանքը, որ մեզ 70 տարի կերակրել են՝ եկեք մենք ռուսի պոչը բռնենք, հակառակ դեպքում՝ մեզ թուրքը կուտի, որևիցե կապ իրականության հետ չունի»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան