Հույս ունեմ, որ 2029 թվականին կհասցնենք ունենալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման որոշումը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է երկրի առջև ծառացած հիմնարար մարտահրավերներին, արտաքին քաղաքականությանը և երիտասարդության համար ստեղծվող հնարավորություններին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա նշել է, որ իր տեսակետից ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծի երկրի ղեկավարությունը երիտասարդության համար, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։

«Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման ֆոնին առանձնակի կարևորություն ունի նաև վիզաների ազատականացման գործընթացը՝ հույս հայտնելով, որ արդեն 2029 թվականին հնարավոր կլինի ունենալ համապատասխան որոշում։ Բացի այդ, նա շեշտել է Ակադեմիական քաղաք նախագծի անշրջելիությունը՝ նշելով, որ այս ամենը միասին երիտասարդությանը կտա իրենց ամբիցիաներն ու նպատակներն առանց սահմանափակումների իրագործելու հնարավորություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment