«Շիրակում երիտասարդների զբաղվածության ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին»․ Մհեր Մելքոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շիրակի մարզում երիտասարդների զբաղվածության խնդիրը հասել է այն սահմանագծին, երբ այլևս հնարավոր չէ սահմանափակվել ընդհանուր բնույթի հայտարարություններով։ Մենք գործ ունենք համակարգային ճգնաժամի հետ, որը վտանգում է մարզի ժողովրդագրական, տնտեսական և ազգային անվտանգային կայունությունը։ Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է ոչ թե ժամանակավոր դժվարության, այլ համակարգային բացթողումների մասին։
     Տարածքային զարգացումը չի կարող լինել ընտրովի կամ ցուցադրական։ Պետությունը պարտավոր է հավասար հնարավորությունների միջավայր ապահովել ոչ միայն մայրաքաղաքում, այլև յուրաքանչյուր մարզում։ Երբ երիտասարդն իր հայրենի մարզում չի տեսնում մասնագիտական իրացման, արժանապատիվ աշխատանքի և կայուն ապագայի հնարավորություն, դա արդեն քաղաքական պատասխանատվության խնդիր է։
     Այսօր երիտասարդների զբաղվածության հարցը դարձել է այն առանցքային կետը, որտեղ խաչվում են սոցիալական արդարության, տնտեսական զարգացման և ազգային անվտանգության շահերը։
     Եթե մենք չենք ցանկանում, որ Շիրակը դառնա ծերացող բնակչությամբ և դատարկվող համայնքներով մարզ, ապա պետք է անցնենք կոնկրետ, չափելի և համարձակ քայլերի։
     1. Շիրակի մարզում հատուկ տնտեսական ռեժիմ
     Անհրաժեշտ է ստեղծել մարզային հատուկ տնտեսական գոտի, որտեղ գործարարներին կտրամադրվեն՝
     -եկամտահարկի և շահութահարկի ժամանակավոր զեղչեր,
     -ներդրումային սուբսիդիաներ,
     -արագացված վարչարարական ընթացակարգեր։
     Պետությունը պետք է գիտակցի, որ մարզային զարգացումը հավասար պայմանների հարց չէ․ մարզերին անհրաժեշտ են արտոնյալ պայմաններ։
     2. Երիտասարդների համար պետական երաշխավորված առաջին աշխատանք
     Պետք է ներդնել ծրագիր, ըստ որի՝ Շիրակի մարզում գործող ընկերությունները երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելու դեպքում մեկ տարի ստանան պետական համաֆինանսավորում աշխատավարձի մի մասի համար։
     Այս քայլը՝
     -կնվազեցնի գործատուի ռիսկերը,
     -կապահովի երիտասարդի մասնագիտական փորձ,
     -կստեղծի աշխատաշուկայի ներգրավվածության իրական մեխանիզմ։
     3. Բարձր տեխնոլոգիաների և հեռավար աշխատանքի կենտրոններ
     Շիրակը կարող է դառնալ տեխնոլոգիական հանգույց՝ եթե պետությունը՝
     -ստեղծի պետական աջակցությամբ IT և ինժեներական հաբ,
     -ապահովի համաֆինանսավորվող ստարտափ ֆոնդ,
     -խրախուսի հեռավար աշխատանքի միջազգային պայմանագրերը։
     Այսօր աշխարհը փոխվել է․ աշխատանքը պարտադիր չէ կենտրոնացված լինի մայրաքաղաքում։
     4. Երիտասարդ ընտանիքների բնակարանային խթանում
     Եթե ցանկանում ենք երիտասարդը մնա մարզում, նա պետք է ունենա բնակարան ձեռք բերելու իրատեսական հնարավորություն։
     Առաջարկում եմ՝
     -մարզում բնակարան ձեռք բերող երիտասարդ ընտանիքների համար մինչև 7% սուբսիդավորված հիփոթեք,
     -պետական համաֆինանսավորում առաջին կանխավճարի մասով,
     -համայնքային հողերի տրամադրում մատչելի պայմաններով։
     Բնակարանային ապահովվածությունը ուղղակիորեն կապված է մարզում մնալու որոշման հետ։
     5. Երիտասարդ ձեռնարկատերերի հատուկ հիմնադրամ
     Պետք է ստեղծել Շիրակի մարզի երիտասարդ ձեռնարկատերերի զարգացման հիմնադրամ՝
     -մինչև 15 մլն դրամ անտոկոս կամ ցածր տոկոսով վարկերով,
     -պարտադիր բիզնես մենթորությամբ,
     -շուկայի հասանելիության աջակցությամբ։
     Պետությունը չպետք է վախենա ներդնել իր երիտասարդների մեջ․ դա ծախս չէ, դա ներդրում է ապագայի մեջ։
     6. Զինվորական ծառայությունից վերադարձող երիտասարդների վերաինտեգրում
     Շիրակի մարզում հատուկ ծրագրեր պետք է գործեն բանակից վերադարձող երիտասարդների համար՝
     -մասնագիտական վերապատրաստում,
     -արագացված բիզնես դրամաշնորհներ,
     -պետական և համայնքային կառույցներում առաջնահերթ աշխատանքի հնարավորություն։
     Պետությունը պարտավոր է երաշխավորել, որ հայրենիքի պաշտպանությունից վերադարձող երիտասարդը չմնա անորոշության մեջ։
     Շիրակի մարզի երիտասարդների զբաղվածության հարցը պետք է դառնա ազգային օրակարգի առաջնային կետ։
     Կառավարությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ երիտասարդը ոչ թե մտածի՝ ինչպես հեռանալ, այլ վստահորեն որոշի՝ մնալ, ստեղծել և զարգացնել իր հայրենի մարզում։
     Շիրակը պետք է դառնա լայն հնարավորություններ ունեցող մարզ։
     Եվ դա հնարավոր է միայն իրական քաղաքական կամքի և պատասխանատու պետական կառավարման պայմաններում»։

Leave a comment