Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է արել մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Խորհրդի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձը պարտավոր է անաչառորեն պաշտպանել կազմակերպության կանոնադրությունը և միջազգային մակարդակով առաջիններից արձագանքել զանգվածային ոճրագործություններին։ Սակայն, ըստ հայտարարության, Սինիրլիօղլուի մասնագիտական գործունեությունը հակառակ պատկերն է ներկայացնում։
Նշվում է, որ նա տասնամյակներ շարունակ պաշտպանել և առաջ է տարել Թուրքիայի իշխանությունների քաղաքական դիրքորոշումները, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, որն արտացոլվել է նաև ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում։
Որպես հիմնավորում՝ խորհուրդն անդրադարձել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուի ստորագրած և կազմակերպության գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակին:
Այդ փաստաթղթում թուրք դիվանագետը վիճարկել է 1915 թվականի իրադարձությունների՝ ցեղասպանություն լինելու հանգամանքը՝ ներկայացնելով այն որպես «օրինական բանավեճի» առարկա։ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հիշեցրել է, որ նամակն ուղարկվել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման երրորդ շաբաթվա ընթացքում։
Նույն գրության մեջ Սինիրլիօղլուն «անհիմն» է անվանել հակամարտության տարածքում օտարերկրյա զինյալների ներկայության վերաբերյալ տեղեկությունները։ Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ այդ ժամանակ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն արդեն հաստատել էին սիրիացի վարձկանների տեղակայման մասին տեղեկությունները։
Բացի այդ, նամակում հայկական սփյուռքի կառույցների հասցեին մեղադրանքներ են ներկայացվել՝ առանց որևէ ապացույցի։ Դրանց համաձայն՝ սփյուռքյան կազմակերպությունները, իբր, «բարեգործության քողի ներքո» զբաղվել են մարտիկներին ռազմաճակատ տեղափոխելով։ Խորհուրդը նաև հիշեցրել է, որ այդ իրադարձություններից երեք տարի անց Արցախից բռնի տեղահանության է ենթարկվել ավելի քան 100 հազար հայ։
Հայտարարությունում շեշտադրվել է, որ Սինիրլիօղլուի գործունեության հետ կապված քննադատությունները չեն սահմանափակվում նշված դրվագով։
Մասնավորապես, 2010 թվականին, երբ նա զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը վերահաստատող բանաձևի ընդունմանը հակազդելու նպատակով։
Դրանից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Սահմանադրական դատարանին մեղադրել է հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ «նախապայմաններ» սահմանելու մեջ։ Ըստ Հայ դատի կենտրոնական խորհրդի՝ այդ մեղադրանքն Անկարայի համար հիմք է ծառայել արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու համար։
Խորհուրդն անդրադարձել է նաև 2026 թվականի հուլիսին տեղի ունեցած մեկ այլ միջադեպի։ Այդ ժամանակ Սինիրլիօղլուն, զբաղեցնելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, զրույցի ընթացքում, համոզված լինելով, թե շփվում է Հայաստանի վարչապետի հետ, հայտարարել է, որ «կուսումնասիրի», թե ինչպես կարող է ԵԱՀԿ-ն աջակցել Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելուն։
Նշված հայտարարությունը դատապարտել են մարդու իրավունքների պաշտպանության և կրոնական ազատության հարցերով զբաղվող չորս միջազգային կազմակերպություններ։ Նրանք այդպիսի դիրքորոշումն անհամատեղելի են համարել Սինիրլիօղլուի զբաղեցրած պաշտոնի հետ և պահանջել են հետ վերցնել արտահայտած խոսքերը։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը կասկածի տակ է դրել նաև թուրք դիվանագետի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում անհրաժեշտ քաղաքական անկախությունն ու չեզոքությունն ապահովելու կարողությունը։
Հայտարարության համաձայն՝ Սինիրլիօղլուն հայտնի է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր և վստահելի գործիչ, որի թեկնածությունն առաջադրվել է անձամբ Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ։
Խորհուրդը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածը գլխավոր քարտուղարին արգելում է որևէ պետության կառավարությունից հրահանգներ պահանջել կամ ընդունել։
Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ հաջորդ գլխավոր քարտուղարի ուշադրության կենտրոնում հայտնվելիք մի շարք միջազգային հակամարտություններում Թուրքիան անմիջական մասնակից կամ ազդեցիկ դերակատար է։ Որպես օրինակ նշվել են Կիպրոսը, Հարավային Կովկասը, Սիրիան և Ուկրաինան։
Առանձնակի ուշադրություն է հրավիրվել Կիպրոսի խնդրի վրա։ Ըստ հայտարարության՝ Թուրքիան շարունակում է օկուպացված պահել ՄԱԿ-ի անդամ Կիպրոսի Հանրապետության տարածքի ավելի քան մեկ երրորդը՝ հակառակ կազմակերպության Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին։
Խորհուրդը նկատել է, որ հենց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունների մեջ է մտնում նաև նման հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացների առաջնորդումը։ Այդ հանգամանքը, ըստ հայտարարության հեղինակների, առավել է կարևորում պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքական անկախությունն ու անաչառությունը։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հատուկ ընդգծել է նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նկատմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատասխանատվությունը։
Հայտարարությունում նշվել է, որ այդ հարցերում գլխավոր քարտուղարը հանդես է գալիս միջազգային հանրության անունից։ Հետևաբար, խորհրդի համոզմամբ, անընդունելի է կազմակերպության ղեկավարումը վստահել մի գործչի, որը ՄԱԿ-ում տարածված պաշտոնական փաստաթղթով ժխտել է Հայոց ցեղասպանությունը և իր գործունեության ընթացքում նպաստել 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության լռեցմանը։
Խորհուրդը նախազգուշացրել է, որ Սինիրլիօղլուին ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնում նշանակելը ծանր և բացասական ազդակ կհղի աշխարհի տարբեր հատվածներում զանգվածային ոճրագործություններից փրկված մարդկանց։
Այս հիմնավորումներով Հայ դատի կենտրոնական խորհուրդը 3 հիմնական պահանջ է ներկայացրել։
Առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, հատկապես մշտական անդամ պետություններին, կոչ է արվել չաջակցել Սինիրլիօղլուի թեկնածությանը ինչպես ոչ պաշտոնական քվեարկությունների ընթացքում, այնպես էլ խորհրդի կողմից թեկնածուի պաշտոնական առաջադրման փուլում։
Երկրորդ պահանջն ուղղված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին։ Նրանց հորդորվել է հետևողականորեն պնդել, որ կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարն ունենա ցեղասպանությունների կանխարգելման գործում հստակ և ապացուցված հանձնառություն, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածով սահմանված անկախության սկզբունքներին անվերապահ հավատարմություն։
Երրորդ պահանջը հասցեագրվել է անձամբ Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Խորհուրդը նրան կոչ է արել հրապարակայնորեն պարզաբանել՝ արդյոք շարունակում է պաշտպանել 2020 թվականի իր նամակում արտահայտված Հայոց ցեղասպանությունը ժխտող դիրքորոշումը։ Միաժամանակ պահանջվել է հստակեցնել՝ արդյոք նա հրաժարվել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին պաշտոնանկ անելու գործընթացին աջակցելու վերաբերյալ իր առաջարկից։
Հայտարարության եզրափակիչ հատվածում Հայ դատի կենտրոնական խորհուրդը համերաշխություն է հայտնել այն պետությունների կառավարություններին, համայնքներին և քաղաքացիական հասարակության կառույցներին, որոնք արդեն մտահոգություններ են բարձրաձայնել Սինիրլիօղլուի թեկնածության առնչությամբ։
Խորհուրդը նաև դիմել է աշխարհասփյուռ հայությանը և հայ ժողովրդի բարեկամներին՝ հորդորելով կապ հաստատել իրենց բնակության երկրների կառավարությունների ու ընտրված ներկայացուցիչների հետ և բարձրաձայնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք դիվանագետի առաջադրման վերաբերյալ մտահոգությունները։