Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա «Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը» ցամաքային սահմանով եկավ Երևան՝ հանդիպելու «Հայաստանի քաղաքացիական հասարակությանը»…
Ադրբեջանի կողմից քաղհասարակություն ներկայացողները՝ Ալիևի հլու-հնազանդ ծառաներն են, այլ ոչ թե «քաղաքացիական հասարակություն»։ Ադրբեջանում եթե և կա իրական քաղհասարակություն, ապա այն կա՛մ բանտերում է, կա՛մ երկրից թռած է և, բնականաբար, չի կարող «սահմանը քայլելով անցնելով» գալ Երևան…
Հայկական ներկայացողները արևմտյան գործակալական ցանցից են, օրինակ՝ Նաիրա Սուլթանյանը անվանափոխած (ռե-բրենդինգ եղած) Սորոսի հիմնադրամի տնօրենն է։
Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ այդ հանդիպումներում չկան։ Եվ ՀՀ քաղաքացիների շահերի թեմա էլ չկա։
«Ոչինչ, թո՛ղ շփվեն, իրար ճանաչեն, կարևորը՝ պատերազմ չլինի»,- կասեն որոշ միամիտ կամ իրենց միամիտի տեղ դրած մարդիկ…
Հարցն այն է, որ երկու կողմից էլ շփումներ եղել են, թե՛ մինչև 2016-ի ապրիլյան հարձակումը, թե՛ 2018–2019 թվականներին։ Բայց դրանք որևէ կերպ չեն խանգարել Ալիևի հարձակումներին Հայաստանի վրա։
Հիմա թե՛ մեզ, թե՛ Եվրոպային այս «թո՛ղ շփվեն»-ի հեքիաթն արդեն երրորդ անգամ են փորձում կերցնել։ Որ ցույց տան, թե Ալիևն այսուհետ պուշիսծիկ ա, խաղաղասեր ու ցիվիլ կառավարիչ, այլ ոչ թե ռազմատենչ, արյունարբու բռնապետ։
Նիկոլն էլ կաշվից դուրս է գալիս Իլհամին այդ հարցով օգնելու համար։
Բայց մեզ պետք է հետաքրքրի ոչ թե նիկոլաթուրքական այս հերթական քարոզչական ակցիան, այլ մեր՝ հայկական, ազգային, իրապես ինքնիշխան քաղաքացիական հասարակության զարգացումը։
Ինչպե՞ս պիտի ստեղծենք և ուժեղացնենք ազգի դիմացկունությանը և զարգացմանը նպաստող հայկական ազգային ինստիտուտները՝ ազգային քաղհասարակությունը, ազգային մեդիան, ազգային փորձագիտական համայնքը և այլն»։