Երկու ոտքը կորցնելուց հետո՝ աշխարհի չեմպիոն․ Սարգիս Հարությունյանի նոր հաղթանակը

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացված պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում արցախցի Սարգիս Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հաղթանակ բերելով Հայաստանին։

Մինչև 55 կգ քաշային կարգում նա աջ ձեռքով դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ ձախ ձեռքով նվաճել բրոնզե մեդալ։

Սարգսի համար այս հաղթանակը պարզապես մարզական հերթական ձեռքբերում չէ։ Նրա անցած ճանապարհը ծանր փորձությունների, կամքի և կյանքը շարունակելու վճռականության պատմություն է։

2000 թվականին Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում ծնված Սարգիսը 2019 թվականի հունվարին զորակոչվել է բանակ։ Մեկուկես տարվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Կռվել է հիմնականում Մարտակերտի և Մարտունու ուղղություններում։ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Մարտունու շրջանում մարտական առաջադրանք կատարելիս, արկի պայթյունից ծանր վիրավորում է ստացել և կորցրել երկու ոտքերը։

Նրան վեց վիրահատություն է սպասվել։ 2021 թվականի հունվարին Սարգիսը պրոթեզավորվել է։ Սակայն պատերազմը չի խլել նրա ապրելու, նպատակներ դնելու և հաղթելու ցանկությունը։

«Վիրավորվելուց հետո մեր տուն է այցելել պարաբազկամարտի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը։ Նա պարբերաբար այցելում էր վիրավոր զինվորներին և սեփական օրինակով ոգեշնչում մեզ։ Այդ հանդիպումն էլ շրջադարձային է դարձել իմ կյանքում․ Վերականգնվելուց հետո սկսել եմ զբաղվել պարաբազկամարտով՝ հաճախելով հայ վիրավոր հերոսների վերականգնման կենտրոն։ Արդեն 2022 թվականից միջազգային մրցահարթակներում գրանցել եմ նշանակալի հաջողություններ, նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալներ, իսկ 2024 թվականին Սլովակիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կարգում երկու ոսկե մեդալ եմ նվաճել՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց չեմպիոնը։

Սակայն Սարգիսի կյանքը միայն մարզական հաղթանակներով չի սահմանափակվում։ Պատերազմից հետո նա ընտանիք է կազմել, այսօր մեկ դստեր հայր է։

Նյու Դելիի աշխարհի առաջնության ոսկե մեդալը ևս մեկ ապացույցն է, որ Սարգիսի համար պատերազմի ավարտը կյանքի պայքարի ավարտը չի եղել։ Նա շարունակում է հաղթել՝ բարձրացնելով Հայաստանի դրոշն ու իր հաջողություններով ոգեշնչելով բազմաթիվ մարդկանց։

Leave a comment