Երևանի քաղաքապետարանն արդեն պատրաստվում է Ամանորին․ Որքա՞ն գումար է նախատեսվել Աջափնյակի տոնական ձևավորումների համար. «Փաստինֆո»

Երևանի քաղաքապետարանն արդեն սկսել է Ամանորի նախապատրաստական աշխատանքները։ 

«Փաստինֆոն» պաշտոնական բաց աղբյուրներից պարզել է, որ Աջափնյակ վարչական շրջանի ամանորյա տոնական ձևավորումների համար քաղաքապետարանը 17 միլիոն 500 հազար դրամ է նախատեսել։

Պայմանագիրը կնքվել է «Մարգարյան Հրանտ Նորիկի» անհատ ձեռնարկատիրոջ հետ։

Ըստ պայմանագրի՝ ԱՁ-ն պարտավորվել է նշված գումարի շրջանակում տոնական ձևավորումներ իրականացնել վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան, Բաշինջաղյան, Քըրք Քըրքորյան, Գևորգ Չաուշի, Մելքումովի և Սահակ Պարթևի փողոցներում, Սիլիկյան նոր խճուղում, Չաուշի և Եգիպտոսի հրապարակներում, Բուենոս Այրեսի այգում, ինչպես նաև վարչական շրջանի վարչական շենքում։

Մասնավորապես, Հալաբյան փողոցի տոնական ձևավորման համար մինչև Դավթաշեն վարչական շրջանի տարածքի սկզբնամասը պետք է անցկացվեն 1 սմ հաստությամբ մետաղական լարեր՝ ընդհանուր 2500 մետր երկարությամբ։ Լարերը պետք է ամրացվեն հենասյուներին՝ 200 ամրակների միջոցով, իսկ հենասյուներից պետք է կախվեն ընդհանուր 220 ամանորյա դեկորներ։

Մարգարյան փողոցի երկու կողմերում առկա 20 հենասյուների միջև պետք է անցկացվեն 800 մետր երկարությամբ մետաղական լարեր՝ դրանք ամրացնելով 50 ամրակներով։ Հենասյուներից նախատեսվում է կախել 60 ամանորյա դեկոր և այլն։

Պայմանագրով նախատեսված է նաև, որ տոնական ձևավորման ընթացքում ձեռք բերված բոլոր նոր սարքավորումները՝ լույսերը, լարանցումները և այլ պարագաները, հանդիսանում են պատվիրատուի սեփականությունը։

Ինչ վերաբերում է սարքավորումների ապամոնտաժմանը, ապա այն պետք է իրականացվի խնայողաբար՝ հնարավորինս չվնասելով գույքը։

Leave a comment