Ամերիկյան Nvidia ընկերության արտադրած՝ արհեստական բանականության համակարգերի աշխատանքի համար նախատեսված շուրջ 600 հազար H200 չիպ սպասում է Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան առաքման թույլտվությանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ Պեկինն առայժմ թույլտվություն չի տվել չիպերի այս խմբաքանակի ներմուծմանը։ Աղբյուրների տվյալներով՝ երկիր կարող է ներմուծվել առաքման սպասող չիպերի առավելագույնը մեկ երրորդը։ Այս կերպ Չինաստանը փորձում է աջակցել տեղական արտադրողներին՝ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ձգտում է սահմանափակել արհեստական բանականության ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիությունը Չինաստանի համար։
Reuters-ը նշում է, որ H200-ը Nvidia-ի արտադրած ամենաառաջադեմ չիպերի մոդելը չէ, սակայն դրանք, այնուամենայնիվ, կարող են օգտակար լինել չինական արհեստական բանականության գործակալների ուսուցման համար։
Ավելի վաղ Financial Times թերթը գրել էր, որ Nvidia-ն տվյալների կենտրոններ շահագործող ընկերություններից պահանջել է սահմանափակել համագործակցությունը չինացի հաճախորդների հետ։ Ընկերությունը նաև խստացրել է առաջադեմ չիպեր ձեռք բերելու թույլտվություն ունեցող գնորդների նկատմամբ սահմանված չափանիշները։ Ստուգումը չի անցել ընկերությունների կեսից ավելին, և ամերիկյան արտադրողը հրաժարվել է նրանց արտադրանք մատակարարել։
ԱՄՆ-ի և Չինաստանի տեխնոլոգիական դիմակայությունը արհեստական բանականության ոլորտում
2022 թվականից ի վեր ԱՄՆ-ն հետևողականորեն խստացնում է Չինաստան առաջադեմ կիսահաղորդիչների մատակարարումների արտահանման վերահսկողությունը՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են օգտագործվել ռազմական տեխնոլոգիաների զարգացման և Պեկինի տեխնոլոգիական ներուժի ամրապնդման համար։ Սահմանափակումները տարածվում են Nvidia-ի ամենահզոր չիպերի, այդ թվում՝ H100, H200 և A100 մոդելների վրա։
Ի պատասխան՝ Չինաստանն իրականացնում է տեխնոլոգիական ինքնիշխանության քաղաքականություն՝ խթանելով սեփական չիպարտադրողների, այդ թվում՝ Huawei-ի և SMIC-ի զարգացումը և միաժամանակ սահմանափակելով ներքին շուկայի կախվածությունն ամերիկյան մատակարարներից։
Այս քաղաքականությունն արտահայտվում է նաև արտասահմանյան չիպերի ներմուծման ընտրովի թույլատրմամբ, նույնիսկ այն դեպքերում, երբ ԱՄՆ-ի կողմից պաշտոնական արգելքներ չկան։ Դրա նպատակն է թույլ չտալ, որ օտարերկրյա արտադրանքի ներմուծումը թուլացնի տեղական այլընտրանքների մրցունակությունը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։