Պապոյան․ Կարծում էինք՝ մեր ձուկը միայն ՌԴ-ում կարող է վաճառվել, պարզվում է՝ շատ էլ լավն է՝ Եմ-ում էլ կարող է, ԱՄԷ-ում էլ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանից արտահանվող ձկան որակին։ Նրա խոսքով՝ որակի վերաբերյալ ամենալավ կարծիքը տալիս է արտահանումը։

«Մենք գիտեինք՝ մեր ձուկը վատն է ու մենակ Ռուսաստանում կարող է վաճառվել, բայց, պարզվում է՝ շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվել, Եվրոպական միությունում էլ։ Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով»,- հայտարարել է Պապոյանը, հայտնում է Auroranews.am-ը:

Նա հավելել է, որ ՀՀ-ից արտահանվում էր կենդանի ձուկ, և ձուկը գնում էր ՌԴ։

«Ուրիշ ոչ մի շուկա չէր գնում։ Երբ այդ ձուկը հայտնվեց սահմանափակման տակ, մեր տնտեսվարողները նոր շուկա գտան։ Ի՞նչ են անում։ ԵՄ և Էմիություններ է արտահանվում մեր ձուկը։ Այդ ձուկը մշակվում է, պաղեցվում կամ սառեցվում է, և մշակված եղանակով գնում է ԵՄ և ԱՄԷ»,- տեղեկացրել է նախարարը։

Նրա խոսքով՝ երբ մտածում ենք՝ հիմա աշխարհը փուլ է գալու գլխներիս, սակայն դա տեղի չի ունենալու մի պարզ պատճառով, որովհետև մեր տնտեսությունն ունի բավարար դիմացկունություն, և այդ դիմացկունությունը մենք տեսել ենք։

«Գյուղատնտեսությունն անկում է ապրել 4․8 տոկոսով այն պարագայում, երբ մեր գյուղատնտեսական արտադրանքի բացարձակ մեծամասնությունը մի երկիր է գնացել, որտեղ բոլոր փականները փակած են։ Այդ փակողների տրամաբանությամբ մեր գյուղատնտեսությունը պետք է ոչ թե 4․8 տոկոս նվազեր, այլ 48։ Բայց 4․8 տոկոս է նվազել, որովհետև նախ՝ կառավարությունը ժամանակին թիրախային աջակցություններ է տվել և շարունակում է տալ, և ժամանակին անհրաժեշտ պատրաստության ենք բերել մեր տնտեսությունը»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։

Հուլիսին, անդրադարձավ Հայաստանում արտադրվող ձկնամթերքի որակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքը վաղուց ձուկ չի ուտում:

«Ինչքանո՞վ են դրանք որակական ստանդարտներին համապատասխան: Պետք չի ամբողջացնել. կան արտադրողներ, որ այո, կան արտադրողներ, որ ոչ: Ես, օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև իմ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա: Նախ պատահում է՝ անբնական, ինչ-որ, ճարպերը … հոսում են վրայից, ինչ-որ տարօրինակ և անտրամաբանական»,-ասել էր նա:

Leave a comment