ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ քաղաքական պայքարի մեջ մտնելու պատճառով իրենց և Կարապետյանների նկատմամբ հնարավոր քրեական հետապնդումներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ծավալվող գործընթացներին և իշխանության կողմից հնչող մեղադրանքներին։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իր, Սամվել Կարապետյանի կամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումների կամ ազատազրկման վտանգ տեսնո՞ւմ են՝ Ղազինյանը նշեց. «Մարդ առնվազն պետք է անխելք լինի, որ այս իշխանությունների հետ մտնի քաղաքական պայքարի մեջ ու չմտածի քրեական գործի կամ ազատազրկվելու մասին։ Ե՛վ պարոն Նարեկ Կարապետյանը, և՛ պարոն Սամվել Կարապետյանը, և՛ ես, և՛ մեր յուրաքանչյուր թիմակից մտել ենք և պատրաստ ենք։ Իմ պարագայում գոնե չեք կասկածում, որովհետև մեկ անգամ անցել եմ, խնդիր չեմ տեսնում»։
Անդրադառնալով իշխանական քարոզչամեքենայի պնդումներին, թե ՀԷՑ-ում նախկինում խնդիրներ չեն եղել, իսկ հիմա կան, պատգամավորը շեշտեց՝ խնդիրներ միշտ էլ եղել են, սակայն դրանք բացահայտել է հենց ընկերությունը, մինչդեռ պետությունը որևէ կերպ չի աջակցել․ «Ոստիկանները կանգնած՝ մարդը հոսանք էր գողանում։ Չկարողացանք այդ մարդուն գոնե պայմանական ազատազրկման տանել, որ իմանային՝ հոսանք գողանալը պատժելի է»։
Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին «ազնիվ խոսել»՝ հիշեցնելով, որ Գյումրիի մանկապարտեզներից մեկի վրա գրանցված 27,000 կՎտ ավելացրած հոսանքի գողությունը բացահայտել է հենց ՀԷՑ-ը՝ ներկայիս իշխանությունների օրոք. «Վարչապետ ես, ազնիվ խոսա՛։ Դուրս ես գալիս, ասում ես՝ «մանկապարտեզի վրա գրեցին»… Ձեր օրոք հենց ՀԷՑ-ն է գտել այդ 27,000 կՎտ հավելագրումը։ Էդ էլ ասա՛, բայց իհարկե չեն ասի»։
Ղազինյանը հրապարակեց թվային տվյալներ՝ նշելով, որ 2016-2024 թվականներին ՀԷՑ-ում կատարվել է 650 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ «Համաձայնագրերով սահմանված է եղել, որ ներդրումների 80%-ը կարող էին կազմել վարկային միջոցները (որոնց տոկոսները փակել է սեփականատերը), իսկ 20%-ը՝ ընկերության սեփական միջոցները, ինչի մասին իշխանությունները նախընտրում են լռել»։
Արձագանքելով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին և ՔԿ քննիչի՝ Հանրային հեռուստատեսության եթերում հնչեցրած մտքերին՝ Ղազինյանը տարակուսանք հայտնեց իրավապահների մասնագիտական մակարդակի վերաբերյալ․ «Իրավաբանական կրթություն ունենալով հանդերձ՝ ես չհասկացա, թե քննիչն ինչ էր ասում։ Յուրաքանչյուր իրավաբանական անձի հետևում կանգնած է ֆիզիկական անձ՝ բաժնետերեր, շահառուներ։ Քննիչը պարտադրված էր եկել Հ1, խոսելու բան չուներ, իսկ հաղորդավարն էլ ամեն կերպ օգնում էր նրան՝ փորձելով խոսակցությունը տանել հանրությանը մանիպուլացնելու դաշտ»։
Ասուլիսի ավարտին Ղազինյանը հայտարարեց՝ գործ ունեն ընկերության ապօրինի խլման հետ․ «Ուղիղ ասում եմ՝ ՀԷՑ-ը խլե՛լ են։ Եթե իրենց այդ դիմակավորվածները՝ ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն չլինեին, այս գրիչն անգամ չէին կարող խլել։ Ես չեմ պատկերացնում որևէ կազմակերպություն կամ անձ, որ կարող է սա գնել ու չիմանալ, որ այն ապօրինի խլված է, իսկ իմանալու պարագայում՝ ձեռք բերի»։
Նրա խոսքով՝ իշխանությունը շտապում է, քանի որ գիտակցում է իր մոտալուտ հեռացումը․ «Այս իշխանությունը հավերժ չէ, շատ շուտ գնալու է։ Սամվել Կարապետյանը սնանկության գնացող ընկերությունը լավարկել է, ութ տարի հետո շահույթի ընդամենը 20-23%-ը վերցրել է որպես շահաբաժին, իսկ իրենք ասում են՝ «հափշտակեցիր»։ Այսինքն՝ 100 միավոր շահույթից 20-ը որպես դիվիդենտ վերցնելը սրանք համարում են հափշտակություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան