Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին

Քաղաքականություն

06.11.2026 | 17:25

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը չի հստակեցրել, թե ինչ լուծում է նախատեսվում Տիգրանաշենի և Արծվաշենի վերաբերյալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ տարածքների հնարավոր փոխանակման մասին հայտարարությունից հետո։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Թովմասյանն ասել է, որ այս պահին խոսքը հնարավոր լուծումների մասին է, և երբ դրանք վերջնական տեսքով ամրագրվեն փաստաթղթերում, համապատասխան պարզաբանումներ կներկայացվեն։

«Ամեն ինչ արվելու է թափանցիկ և օրենքի տառին համապատասխան»,- նշել է նա։

Հարցին՝ Տիգրանաշենը Հայաստանի կադաստրային փաստաթղթերում համարվո՞ւմ է ՀՀ տարածք, Թովմասյանը պատասխանել է, որ 2009 թվականին ընդունված վարչատարածքային օրենքում առկա է Տիգրանաշեն բնակավայրի կամ թաղամասի վերաբերյալ ձևակերպում։ Սակայն, թե ինչ հիմքով է այն ներառվել այդ օրենքում, իրավաբանների ուսումնասիրության հարց է։

Անդրադառնալով Տիգրանաշենի և Արծվաշենի տարածքների ճշգրիտ մակերեսներին ու չափագրումներին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ կոմիտեն վարում է անկախ Հայաստանի տարիներին ստեղծված կադաստրային քարտեզը, իսկ Արծվաշենի նման տարածքների չափագրումներ այդ քարտեզում չեն իրականացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment